«ՏԱՇԻՐ»-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Սեպտեմբերի 5–ին Դիլիջանում մեկնարկեց Buissup Global Forum 2022-ը, որը, ինչպես բացման ժամանակ նշեց միջոցառման կազմակերպիչ՝ Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը, «դարձել է երիտասարդ գործարարների դարբնոց՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության և ներդրումային հնարավորությունների զարգացման»։
Համաժողովը կտևի մեկ շաբաթ, որի ընթացքում 12 մենթորներ կաշխատեն երիտասարդ թիմերի հետ, կօգնեն նրանց նախապատրաստվել իրենց նախագծերի ներկայացմանը (փիչինգի)՝ ներդրումներ ներգրավելու նպատակով։
Ծրագրի ամեն օրը նվիրված է լինելու մի թեմայի՝ գաղափարի մոդելավորում, պրոդուկտ մենեջմենթ, մարկետինգ, վաճառքներ, ֆինանսների կառավարում, ռիսկերի կառավարում, նախագծերի ճիշտ ներկայացում և այլն։
Մենթորները, որոնք կայացած բիզնեսների ղեկավարներ են կամ բիզնես խորհրդատվության մասնագետներ, բացման արարողության ժամանակ մասնակիցներին նախագուշացրեցին՝ պատրաստվում են «քանդել և հավաքել» նրանց բիզնես նախագծերը, նաև խոստացան աջակցել բիզնես շղթան ճիշտ կառուցելու, ֆինանսներն ու ռիսկերը արդյունավետ կառավարելու, վաճառքները գրագետ կազմակերպելու և ներդրումներ ներգրավելու գործում։
Ֆորումի մասնակիցներին գրավոր ուղերձ էր հղել Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր կոմիտեի նախագահ Հայկ Իգնատյանը՝ նշելով, որ շատ կարևոր է, որպեսզի հայ երիտասարդ գործարարները կարողանան իրենց դրսևորել համաշխարհային մակարդակում։
«Տաշիր» ընկերությունների խմբի կազմի մեջ մտնող Միջազգային էներգետիկ կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Կարայանը իր խոսքում նշեց, որ այս տարի «Տաշիր» ընկերությունների խումբը և իրենց գործընկերները պատրաստ են ավելի շատ ներդրումներ կատարել։ «Անցյալ տարի եղել է 9 հաղթող նախագիծ, այս տարի կարող է լինել 15–ը, 25–ը կամ 30–ը, չկա ոչ մի սահմանափակում, միայն թե լինեն լավ նախագծեր և դրանք իրականացնող լավ թիմեր», – ասաց նա։
Հայ գործարարների ասոցիացիան «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համատեղ արդեն երկրորդ անգամ է կազմակերպում Buissup Global Forum–ը, որը մեկ հարթակում համախմբում է երիտասարդ գործարարների, ստարտափերների։ Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանի խոսքով՝ այս տարի 300 դիմորդներից Հայ գործարարների ասոցիացիայի փորձագիտական խումբն ընտրել է 200 մասնակցի, որոնք ներկայացնում են 50 նախագիծ։ Ըստ նրա, նախագծերի ոլորտային սահմանափակումներ չեն եղել։ «Կան նախագծեր բժշկության, կրթության, ՏՏ և ռոբոտաշինության ոլորտներից, նորարարական նախագծեր։ Մեզ համար շատ կարևոր է, որ ծրագիրը լինի նորարարական, և ծագումնաբանությունը լինի հայկական, իսկ հետագայում մենք կօգնենք, որպեսզի այն դառնա միջազգային», – ասաց նա։
Հաղթող բիզնես նախագծերում ներդրումներ են անելու Հայ գործարարների ասոցիացիայի ռեզիդենտները։ «Չունենք սահմանափակում, անցյալ տարի ունեցել ենք 9 հաղթող նախագիծ, այս տարի շատ ենք ուզում, որ հաղթող նախագծերն ավելի շատ լինեն։ Մենք պատրաստ ենք ավելի շատ ներդրումների», – ասաց նա։
Buissup Global Forum-ի հիմնական մենթոր Նարեկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ ներկայացված նախագծերի մեջ ավելի մեծ է բիզնես կոմպոնենտը, այսինքն՝ «շարադրությունից անցել ենք գործարար աշխարհին համահունչ ավելի լուրջ նախագծերի»։ «Ամենակարևորը կան նախագծեր, որոնք գլոբալ խնդիրների լուծումներ են առաջարկում, քանի որ մեր շուկան փոքր է, և եթե ուզում ենք ունենալ շարունակական զարգացմամբ նախագծեր, ապա դրանք պետք է ունենան գլոբալ շուկա դուրս գալու միտումներ», – ասաց նա։ Նարեկ Ալեքսանյանի խոսքով՝ կարևոր է նաև, որ թիմերը կարողանան գրագետ աշխատանք տանել ներդրողների հետ, որովհետև «այս նախագծերը չեն ավարտվում դրամաշնորհով, սա շարունակական բնույթ կրող և երկար գնացող ճանապարհ է»։ Հարցին՝ իր համար ավելի կարևոր է լավ թի՞մը, թե՞ ներկայացրած գաղափարը, նա արձագանքեց. «Երկուսն էլ կարևոր են։ Երբ թիմն աչքերը վառվելով խոսում է իր լավ գաղափարից, այդ սիմբիոզն է կարևոր»։
Նախորդ տարվա Buissup Global Forum-ի հաղթողներից՝ «Հավասար» կրթական հավելվածի հիմնադիր Ամալյա Հարությունյանը պատմեց, որ Buissup–ին դիմելիս չէր պատկերացնում, որ կհաղթի, քանի որ մյուս նախագծերն ունեին ավելի ուժեղ բիզնես կոմպոնենտներ, իսկ իր նախագիծն ավելի սոցիալական ուղղվածության էր։ Ինքն ուղղակի ցանկանում էր մենթորների հետ քննարկել գաղափարը՝ այն կատարելագործելու համար։ «Բայց այդ մեկ շաբաթվա ընթացքում մեր գաղափարն այնքան քննադատեցինք, քննարկեցինք, քանդեցինք–հավաքեցինք, որ ի վերջո ստացանք մի պրոդուկտ, որը փիչինգի ժամանակ հաղթեց, և հաղթելուց հետո «Հավասարի» կյանքը շատ մեծ փոփոխություններ կրեց», – պատմեց նա։ «Հավասար» կրթական հավելվածը նախատեսված է տեսողական, լսողական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար։ Այժմ թիմն ինտենսիվ աշխատում է տարբեր դպրոցների հետ՝ հավելվածը դասապրոցեսում կիրառելու նպատակով։
Մեկ տարի առաջ Հայ գործարարների ասոցիացիան և «Տաշիր» ընկերությունների խումբը համատեղ նախաձեռնեցին Buissup ծրագիրը, որը նպաստում է երիտասարդների գործարարության զարգացմանը Հայաստանում։ Ծրագրի շրջանակում անցյալ տարի կայացել է առաջին Buissup Global Forum-2021-ը, այս տարվա ընթացքում անցկացվել են տարբեր միջոցառումներ. հունիսին կայացել է Buissup կոնֆերանսը, հուլիսին զուգահեռաբար 4 քաղաքում առաջին անգամ անցկացվել է Buissup հաքաթոնը։
Սեպտեմբերի 5–ին մեկնարկած Buissup Global Forum–ի վերջին օրը՝ սեպտեմբերի 11–ին պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի լավագույն նախագծերը, որոնք պոտենցիալ ներդրողների հետ ներդրումային հուշագրեր կկնքեն։
Buissup Global Forum-ի հաղթող նախագծերն այնուհետև կներկայացվեն Հայ գործարարների ասոցիացիայի ամենախոշոր տարեկան միջոցառմանը՝ Armenian Business Forum-ին, որն ավանդաբար անցկացվում է սեպտեմբերի 20-ին։