Նեբենզյա․ Չի բացառվում «պարենային գործարքի» խափանումը

«Պարենային գործարքի» այն մասը, որը վերաբերում է ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանմանը, չի գործում, լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Մեզ հաջողվեց հասնել գործարքի, սակայն ռուսական կողմի հետ ոչինչ չի աշխատում։ Ոչ մի ռուսական նավ ռուսական նավահանգիստներից արտահանվող ռուսական հացահատիկը դուրս չի բերել»,-ասել է Նեբենզյան լրագրողներին։

Այդ կապակցությամբ նա չի բացառել «պարենային գործարքի» գործողության դադարեցումը։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք համաձայնագրի ձախողման վտանգ կա, Նեբենզյան պարզաբանել է, որ տեղեկություններ չունի: Ի սկզբանե այն կնքվել է 4 ամսով, իսկ դա նշանակում է, որ ժամկետը լրանում է նոյեմբերին։

«Եվ գործարքը, որպես կանոն, պետք է երկարաձգվի։ Ես չեմ մասնակցում գործարքի և դրա երկարաձգման շուրջ բանակցություններին, բայց հաշվի առնելով արդյունքները, ավելի ճիշտ՝ արդյունքների բացակայությունը, ես ոչինչ չէի բացառի։ Որոշողը ես չեմ, իհարկե։ Բայց մենք ուզում ենք, որ գործարքի ռուսական մասը կատարվի»,-նշել է նա։

Ստամբուլում հուլիսի 22-ին կայացել է արտահանման համար ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին բազմակողմանի համաձայնագրերի ստորագրում։ Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում 3 նավահանգստից, այդ թվում` Օդեսայից։

Sputnik Արմենիա