Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅՍ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՈՒ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ԿԱՐՈՂ Է ԼՐՋԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂ ԴԱՌՆԱԼ
Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Լիզ Թրասսն իր ելույթը անվանել է «Նոր աշխարհի հայեցակարգ», այն ամբողջովին կառուցված է հակառուսականության նկրտումները կտրուկ ընդլայնելու տեսլականով, ինչը սպասելի էր: Սակայն հասկանալի չէ, թե ինչու է այդ հայեցակարգը կոչվում իբր «նոր»: Այս մասին գրում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
«Առնվազն Զբիգնև Բժեզինսկին իր «Մեծ շախմատային խաղատախտակը» մենագրությունում վաղուց է բացահայտել հնարավոր զարգացումների ողջ գաղափարախոսությունը: Ի դեպ, այդ մենագրությունում բազում ուշագրավ դատողություններ կան նաև մեր տարածաշրջանի առնչությամբ, մասնավորապես, հիմնավորվում է, որ «աշխարհի ուշադրության կենտրոնում» բացառապես եղել և մնում է ադրբեջանը, որի շահերը ցանկացած իրավիճակում պետք է աներկբա պաշտպանվեն:
Ընդ որում, նույնիսկ այս հակասական ու բարդ իրավիճակում Հայաստանը դեռ կարող է լրջագույն խաղացող դառնալ, եթե ճիշտ գնահատի աշխարհագրական դիրքը՝ միջազգային կոմունիկացիաների ասպեկտով և չսահմանափակվի անդառնալի վտանգներով հղի իրավիճակային լուծումներով: Այդ խաչմերուկում բախվում են ոչ միայն մեզ կորուստներով լի պատերազմ պարտադրած, այլև «շախմատային խաղատախտակում» մեծ կշիռ ունեցող պետությունները, որոնք կարող են լինել հուսալի դաշնակիցներ:
Այս տեսանկյունից խիստ վիճահարույց է արտաքին հարաբերությունները՝ այդ պետություններին հակադրվելով կառուցելը, ինչպես օրինակ՝ «Կրոնական ազատության դաշինքին» միանալը: Գաղտնիք չէ, որ այդ դաշինքը կրոնական ազատության խնդիրներ չի «տեսել» այնպիսի երկրներում, ինչպիսիք են ադրբեջանը և թուրքիան, փոխարենը այդպիսիք «արձանագրվել են» Չինաստանում, Իրաքում, Իրանում և այլն: Մինչդեռ՝ Հայ Առաքելական Եկեղեցին բոլոր այդ երկրներում որևէ խնդիր չի ունեցել և չունի, իսկ որոշ դեպքերում ավելի արտոնյալ կարգավիճակ ունի (օրինակ՝ Իրաքում), քան Հայաստանում ....»,- գրել է Դանիելյանը: