ԿՐԿԵՍԸ ԴԵՌ ՏԵՂՈՒՄ Է, ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐՆ ԷԼ ԳՆԱԼՈՎ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հաց ու թամաշա». հռոմեական ստորին խավի այս կարգախոսը ներկայիս իշխանությունն ու մերձիշխանական շրջանակները գերազանց են յուրացրել, և մինչ «հացի» առումով զոռ է, թամաշաներն իրենց սպասել չեն տալիս. դրանք հրամցվում են հասարակայնությանը նախանձելի մշտակայությամբ։ Օրերս մատուցվեց հերթական խայծը՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մենաներկայացման ազդագրի տեսքով, որը մարդիկ կուլ տվեցին մտահոգիչ պատրաստակամությամբ. մի՞թե ամեն ինչ մոռացել են և այժմ ողջունում են Մարությանի վերադարձը իբր ստեղծագործական գործունեության:

  

«Հեղափոխական» գործունեությունից հետո «Կարգին Հայկոյի» առաջին ներկայացումը կոչվում է «Քաղաքապետը» և, դատելով ազդագրից, որտեղ Մարությանը խոստանում է պատասխանել բոլոր հարցերին, այդ թվում՝ թե կրկին առաջադրվելու է արդյոք քաղաքապետի պաշտոնում, կարծես թե քաղաքական մոտիվներով է։ Խնդրում ենք չշփոթել քաղաքական երգիծանքի հետ, թեև ՄարուԹյան Հայկը ծանուցիչ տեսահոլովակում ծաղրում է իր գրեթե ազգանվանակից Էդմոն ՄարուՔյանին։ Ի դեպ, վերջինիս պատասխանը՝ իր սպասյակ Դավիթ Խաժակյանի միջոցով, որին «Լուսավոր Հայաստանը» նշել է որպես Երևանի քաղաքապետի իր թեկնածու, չուշացավ։ Մեջբերելն անիմաստ ենք համարում, քանզի ակնհայտ է, որ դա ավելի շուտ հիշեցնում է այն, թե ինչպես են խեղկատակները զվարճացնում իրենց թագավորին՝ շեղելով հասարակության ուշադրությունը շատ ավելի կարևոր ու հրատապ խնդիրներից։

Մի՞թե ոմանք մոռացել են, թե ինչպես էր Էդմոն Մարուքյանը 2020թ. մայիսի 7-ին զվարճացնում հասարակայնությանը Փաշինյանի հետ սուրճ ըմպելով ու ընտանիքի մասին խոսակցություններով և սիրառատ հանդիպման արդյունքների հիման վրա հավաստիացնում, թե Արցախի հարցի փուլային կարգավորման մասին ոչ մի փաստաթուղթ, որի մասին հայտնել էր ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, բանակցությունների սեղանին չկա։ Հաջորդ իսկ օրը՝ մայիսի 8-ին, իմքայլականները քոթակեցին նրան ԱԺ նիստի ժամանակ, հենց Փաշինյանի աչքի առաջ, որը նույն նիստում այնուհետ հայտարարեց, որ Մարուքյանն իր ԼՀ-ով հանդերձ «սպասարկում է սերժ-քոչարյանական հանցախմբին»։ Իսկ իշխանությունն, իբր, «ի դեմս կառավարության և քաղաքական մեծամասնության՝ զոհ է դարձել», և «արդեն 2 տարի է, ինչ հեղափոխական թիմը բարոյական և հոգեբանական բռնության է ենթարկվում սերժաքոչարյանական հանցախմբի և նրանց սպասարկող պատգամավորների կողմից»։

Հետո ... Հետո էլի շատ բաներ կատարվեցին, բայց արդյունքում «ընդդիմադիր» Մարուքյանը դարձավ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան և, դատելով ամենից, բավական ջանադրաբար է կատարում իր պաշտոնեական պարտականությունները, որոնց մասին, ի դեպ, հասարակությանը ոչինչ հայտնի չէ։ Ասում են՝ նշան է բռնել արտգործնախարարի պաշտոնին

Ինչ վերաբերում է «Կարգին Հայկո» հեղափոխականին՝ իր «Քաղաքապետը» մենաներկայացմամբ, որի տոմսերը, ինչպես ինքն է գրում Ֆեյսբուքում, անմիջապես սպառվել են տաք կարկանդակների պես, ապա, դատելով ամենից, ստեղծվում է նույնպիսի պատկեր, ինչպես Մարուքյանի պարագայում։ Ասենք, ՄարուԹյանի համար, հնարավոր է, այլ դեր է վերապահված, որի ճանապարհին դեռ պետք է խաղալ «Քաղաքագլուխը»՝ «Ժողովրդի ծառա» խաղացած Զելենսկու օրինակով։ Թեև ինքը՝ դերասանը, հավաստիացնում է, թե հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում է ստեղծագործականը, բայց վերջինից քաղաքականության թունդ հոտ է փչում։

Եվ կցանկանայինք հուսալ, որ մեր համաքաղաքացիների հիշողությունը կարճ չէ, և նրանք չեն մոռացել, որ «գիտակցության պայծառացումը», իրականությունը տեսնելու, վերլուծելու և քննադատելու ունակությունը Մարությանի մոտ դրսևորվեցին միայն քաղաքապետի պաշտոնից հեռացվելուց հետո։ Իսկ քանի դեռ գլխավորում էր քաղաքային իշխանությունը՝ լուռ հետևելով, թե ինչ են անում իր կուսակիցները, ծպտուն անգամ չէր հանում ժողովրդավարության հանդեպ ՔՊ-ականների անհարգալից վերաբերմունքի և նրանց այլ մեղքերի մասին։

Մարությանը լռում էր, երբ իմքայլականները մայրաքաղաքի արտահերթ ընտրություններին մեկնարկ տալու և քաղաքապետ նշանակելու համար գործարկեցին հերյուրանքային տեսահոլովակը Մյասնիկյանի արձանի թիկունքում գտնվող այգու մասին, որն իբր քանդվել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի համաձայնությամբ, մինչդեռ այնտեղ ընթանում էին երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի կողմից այսօր այնքան սիրված այգու բարեկարգման աշխատանքներ։

Լռում էր, թեեվ հասկանում էր, որ 2018-ի սեպտեմբերին մայրաքաղաքային ընտրությունները նպատակ էին հետապնդում դառնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախերգանքը, որոնք Փաշինյանը խոստացել էր կազմակերպել մեկ տարվա ընթացքում, բայց խոստումը դրժելով՝ անցկացրեց մայրաքաղաքային ընտրություններից երեք ամիս անց, արդեն հոկտեմբերի 1-ին պաշարելով խորհրդարանը և ուժի կիրառման սպառնալիքով ստիպելով պատգամավորներին ինքնալուծարվել։

Այն ժամանակ «հեղափոխական ժողովրդավարության» այդ խայտառակ դրվագը Մարությանին բնավ չմտահոգեց։ Ինչպես որ չմտահոգեց այն, որ ՏԻՄ-ի իր գործընկերներին մարզերում շինծու պատրվակներով հեռացնում են պաշտոնից, քրեական գործեր հարուցում նրանց դեմ, փոխարենը ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակում «յուրայինների» շարքերից, արհեստականորեն խոշորացնում համայնքները, իսկ հետո արտահերթ ընտրություններ անցկացնում այնտեղ...

Նախկին քաղաքապետը մի բառ անգամ չասաց, երբ բացառապես «ով ՔՊ-ից չէ, նա դեմ է հեղափոխությանը» սկզբունքով առաջնորդվող իշխանությունը ազատվում էր իշխող կուսակցության անդամ չհանդիսացող պրոֆեսիոնալներից և նրանց տեղը բերում անփորձ ու ապաշնորհ դիլետանտների։ Լռում էր, երբ թափանցիկ լինելու երդում տված «գաղափարական հեղափոխականները» հանրությունից թաքուն բարձրացրեցին իրենց աշխատավարձերը։

Այո, ինքն անձամբ պարգևավճարներ չէր վերցնում, բայց մյուսները չէին հրաժարվում, իսկ Հայկոն շարունակում էր աշխատել այդ թիմում։ Եվ շարունակում էր լռել, թեև, ինչպես ինքն ասաց իր իմպիչմենտի ժամանակ, տեսնում էր, որ իմքայլականները լուծում են «ծաղկի տաղավարի, շինարարության թույտվություն ստանալու, հողահատկացումների» կարգի իրենց հարցերը հեռախոսազանգով, և որ, իր իսկ խոսքերով, խմբային նեղ շահերը այս իշխանության կողմից ավելի բարձր են դասվում, քան համայնքի շահերը։

Թվարկված ամենը դրվագներ են, որոնց Մարությանն անդրադարձել է 2021-ի դեկտեմբերին քաղաքապետի պաշտոնից հեռացվելու ժամանակ իր «ցասումնալից» ճառում։

Ասենք, Հայկ Մարությանի գլխավոր մեղքը, թերևս, այլ է։ Հենց նա էր, որ 2018-ի սեպտեմբերին հեղափոխական ալիքի վրա առաջինը հնչեցրեց և առաջ քաշեց «սևերի» ու «սպիտակների», հեղափոխականների և հակահեղափոխականների մասին թեզը, դրանով իսկ սկիզբ դնելով հասարակության պառակտմանը և ատելություն ու անհանդուրժողականություն սերմանելով նրա մեջ։ Ինքն էր մտահղացել, թե ինչ-որ մեկի հուշումն էր, արդեն այնքան էլ կարևոր չէ: Փաստը մնում է փաստ. այն մարդը, որը «ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է» սկզբունքի համար արդեն իր պաշտոնանկությունից հետո պախարակում է թիմակիցներին, որոնց հետ աշխատել է ավելի քան երեք տարի, ինքն էլ անշեղորեն հետևել է այդ սկզբունքին։ Ավելին, ակտիվորեն ներշնչել է ողջ ազգի համար կործանարար այդ միտքը հասարակության զոմբիացված հատվածին՝ շոշափելի արդյունքների հասնելով այդ գործում։

Եվ դա մոռանալ ու ներել նրան չի կարելի, նույնիսկ եթե Հայկ Մարությանն ապաշխարի։ Նա շատ լավ գիտեր, թե ինչ էր անում, և ոչ մի երաշխիք չկա, որ հարմար առիթի դեպքում նույնը չի անի։ Իզուր չէ, որ իր կյանքի այդ խայտառակ դրվագի մասին նախընտրում է կրկին իսկ լռել, համենայնդեպս՝ առայժմ։ Մի՛ մոռացեք այս ամենը, երբ գնաք դիտելու «Քաղաքապետը» ներկայացումը…