ԻՀՊԿ․ Իրանը վճռականորեն կպատասխանի Իսրայելի սադրիչ գործողություններին

Իսրայելի, նրա տարրերի և աջակցող ռեժիմների ցանկացած սադրիչ գործողությանը Իրանի պատասխանը վճռորոշ կլինի։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Խաթամ ալ-Անբիայի շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը, փոխանցում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ իր շտաբը Իսրայելը համարում է թիվ մեկ սպառնալիքը Իրանի ազգային անվտանգության համար։

Մեկնաբանելով իսրայելցի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք իրենց վրա են վերցրել Իրանի միջուկային օբյեկտների, ինչպես նաև ազգային շահերի և անվտանգության դեմ ռազմական գործողությունների սպառնալիքի պատասխանատվությունը, գեներալն ասել է, որ իսրայելական նման սպառնալիքներն արվում են ԱՄՆ-ի հետ համակարգելով և նրա հովանու ներքո: Նա նաև զգուշացրել է, որ իրանցի զինվորականները վճռականորեն և համաչափ կպատասխանեն սպառնալիքներին՝ հիշեցնելով բոլոր տարրերին, վարձկաններին և կառավարություններին, որոնք համագործակցում են Իսրայելի հետ, որ նրանք ստիպված կլինեն գին վճարեն։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը նախօրեին ասել էր, որ Իսրայելն ունի լիակատար ազատություն՝ գործելու այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում, որպեսզի կանխի Իրանի՝ միջուկային սպառնալիք դառնալու հնարավորությունը։ «Ինչպես մենք պայմանավորվել ենք Բայդենի հետ, Իսրայելը լիակատար ազատություն ունի գործելու այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում, որպեսզի կանխի Իրանի՝ միջուկային սպառնալիք դառնալու հնարավորությունը»,- ասել էր նա։