Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆԵԼ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Ռուբեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկի ֆորումում Ռուսաստանի նախագահի ելույթի այն հատվածը, որտեղ Վլադիմիր Պուտինը խոսում է ազգերի ինքնորոշման մասին, և գրել․
«Այն, ինչ ասել է Պուտինը, շատ կարևոր է Արցախի համար: Միջազգային իրավունքում ազգերի ինքնորոշման իրավունքն առանցքային նորմ է, որի շուրջ էլ պետք է կառուցվի Արցախի հարցով ողջ հայկական դիվանագիտությունը:
Ակնհայտ է, որ Արցախի ինքնորոշումը 1991 թվականին իրականացվել է միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների պահպանմամբ։ Եվ այստեղ որևէ հակասություն չկա տարածքային ամբողջականության սկզբունքի հետ։ Այդ մասին փաստել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Կոսովոյի գործով 2010թ. խորհրդատվական եզրակացության մեջ։
Արցախի պարագայում ինքնորոշման իրավունքն Արցախի ժողովրդի ապրելու իրավունքն է, քանի որ այլընտրանքը էթնիկ զտումն է, և ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցներով այդ մասին բացահայտ սպառնալիքներ են հնչում:
Ցավոք, Հայաստանի իշխանությունները շարունակում են դիվանագիտական գործընթացում մոռացության մատնել ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի գերակայությունը, և շատ լավ է, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ լսեց դրա կարևորության մասին։
Արցախում բնակվող ժողովրդի՝ սեփական որոշմամբ իրենց կյանքը շարունակելու անքակտելի իրավունքը երբեք չի կարող վիճարկվել», - գրել է Ռուբեն Վարդանյանը: