ՄԵԾ ՓԱՌԱՏՈՆԻ ԵՐԿԻՐ
Հայաստանում անցկացվում է Starmus փառատոնը։ Ասում են՝ փայլուն փառատոն է։ Փայլուն մասնակիցներով, որոնց թվում կան երաժշտության համաշխարհային մեծության աստղեր և նույնիսկ մի ամբողջ Նոբելյան մրցանակակիր: Հայաստանում առհասարակ փառատոնները շատ են՝ սկսած գինու փառատոնից։ Դրանք անցկացվում են գրեթե ամեն ամիս, եթե ոչ ավելի հաճախ։ Շատ են փառատոնները մեր երկրում, և դա լավ կլիներ, եթե…
ԱՅՍ ԱՆԵԿԴՈՏԸ ՄԻ ԱՌԻԹՈՎ ՊԱՏՄԵԼ Է ՊՈՒՏԻՆԸ։ Իրականում նույնիսկ անեկդոտ էլ չէ, քանի որ բնավ ծիծաղելի չէ։ Այն մասին, թե ինչպես է ծովային սպան որդուն դաշույն նվիրում։ Իսկ վերջինս վերցնում ու փոխանակում է գեղեցիկ ու խելացի ժամացույցի հետ և հպարտությամբ ցույց տալիս դա հորը: Իսկ հայրն ասում է. «Այո, գեղեցիկ ժամացույց է, միայն թե աչքիս առաջ չգիտես ինչու հետևյալ պատկերն է... Մեր տան վրա ավազակներ են հարձակվում, ամեն ինչ ջարդուփշուր անում, թալանում, բռնանում, և այդժամ այդպես հպարտ մտնում ես դու՝ այդ ժամացույցը ձեռքիդ, ու հանդիսավորությամբ ասում. «Մոսկովյան ժամանակով ութն անց է երեսուն րոպե»…
Starmus փառատոնի օրերին Ադրբեջանի հետ սահմանի վրա սպանել են մեր ևս մեկ զինծառայողի։ Դա Բաքվի պատասխանն էր սեպտեմբերի 2-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Արցախ կատարած այցին, որից հետո Բաքվի ԱԳՆ-ը հանդես եկավ ցասումնալից հայտարարությամբ։ Ճիշտ է, հետո լրատվամիջոցները հաղորդագրություն տարածեցին, որ Արմեն Գրիգորյանը ոչ պաշտոնական ներողություն է խնդրել Ադրբեջանից և արդարացել, որ Արցախ է այցելել որպես անհատ, որպեսզի այցելի նախնիների շիրիմներին։ Գուցեև Բաքուն ընդունել է Գրիգորյանի ներողությունը, դրա համար էլ մեր կորուստը մեկն է։
Իսկ ընդհանրապես Ադրբեջանի համար դա ավանդույթ է։ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչների կողմից Արցախ կատարած յուրաքանչյուր այցին հաջորդում է պատիժը. կա՛մ սադրանք սահմանի վրա, կա՛մ դիպուկահարի կրակոց։ Ըստ էության, հենց այդ պատճառով պաշտոնանկ արվեց պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, որը համարձակվել էր այցելել Արցախ անցած տարվա օգոստոսին։ Նրա այցից հետո Ադրբեջանը հերթական դիվերսիոն հարձակումն իրականացրեց Սյունիքում, և Փաշինյանը հլու-հնազանդ հեռացրեց Կարապետյանին պաշտոնից։
Շատերը զարմանում են, թե ինչու է Նիկոլը միշտ այդպիսի ողորմելի տեսք ունենում Ալիևի հետ հանդիպումների ժամանակ։ Ինչ է, չգիտի՞, որ իրենց նկարահանում են։ Եվ որ այդ կադրերը տարածվելու են։ Իհարկե՝ գիտի. ով-ով, իսկ ինքը պիարի հարցում ամեն ինչ հասկանում է։ Բայց դա նրա ևս մեկ պարտավորությունն է Ալիևի առջև. նստել ծեծված տեսքով, որպեսզի բոլորին պարզ լինի, թե ով է թելադրում պայմանները։ Եվ Փաշինյանը հատուկ է այդպիսի տեսք ընդունում, որպեսզի Ալիևը խղճա և չափից ավելին չպահանջի։
Փոխարենը՝ մենք ունենք տարատեսակ բազմաթիվ փառատոններ։ Այ դա մեր իշխանությունը կարողանում է. փառատոններ կազմակերպել։ Եվ նրանք թքած ունեն, որ ավելի քան չորս հազար զոհվածների հարազատներն ու իրենց տները կորցրած տասնյակ հազարավոր մարդիկ դժվար թե գան այդ փառատոններին։ Իշխանություններն առավելևս թքած ունեն, քանի որ համարում են, թե լիովին փոխհատուցել են իրենց հարազատներից ու տներից զրկված մարդկանց կորուստը թղթադրամներով։ Իշխանությունները թքած ունեն նաև, որ փառատոնների չեն գա այն հայ ռազմագերիների հարազատները, որոնց Փաշինյանը ոչ մի կերպ չի կարողանում վերադարձնել։
Այս իշխանությունն անկարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Ավելի ճիշտ, կարող է ապահովել միայն մշտական զիջումների գնով։ Եթե դա կարելի է անվանել «անվտանգություն»։ Իրականում նրանք առաջ են մղում ոչ թե «խաղաղության օրակարգ», այլ «կորուստների օրակարգ»։ Եվ Հայաստանին նրանք բերել են ոչ թե «խաղաղության դարաշրջան», այլ «կորուստների դարաշրջան»։
Բայց փոխարենը՝ ղեկին կանգնածների նոր թիմը հավասարը չունի փառատոնների կազմակերպման հարցում և անում է դա հաճույքով. գինու, գարեջրի, տոլմայի, խորովածի, Starmus փառատոններ... Եվ ո՞րն է, ըստ էության, նրանց մեղքը, եթե մենք ինքներս հոժարակամ փոխանակել ենք դաշույնը ժամացույցի հետ։