Վլադիմիր Գասպարյանի դեմ հարուցված գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Առանձնապես խոշոր չափերով յուրացման և ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասապարյանի գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից ընդդատության կարգով տեղափոխվել է հակակոռուպցիոն դատարան։

Վլադիմիր Գասպարյանից բացի այս գործով անցնում են նաև նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման, ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հոդվածով, ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացման համար, իսկ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու համար:

Գործը դատարան էր մուտքագրվել 2020 թվականին։ Այս ընթացքում դատավոր Վարդան Գրիգորյանը 14 դատական նիստ է նշանակել, որոնցից 6-ը, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, տարբեր պատճառներով չի կայացել։

Հիշեցնենք, որ բոլոր ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությունը։

Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2000-2018 թթ. ընթացքում պետական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև 2011-2018 թթ. վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են նշված անձանց կողմից կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու դեպքեր: Նրանք իրենց պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հովանավորչության և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ձեռք են բերել իրենց և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, մասնավորապես` իրենց հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու ձևական գործարքների միջոցով օրինականացրել են դրանք:

Նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք:

Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև 1994-2018 թթ. ընթացքում ՀՀ ՊՆ և ոստիկանության համակարգում պաշտոնավարած, այդ թվում` 2011-2018 թթ.-ին Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի կողմից ինչպես առանձին, այնպես էլ Վ. Գասպարյանի հետ խմբի կազմում կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, հիշյալ անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է և այդ մասին հայտնել դատավարության մասնակիցներին` վերջիններիս պարզաբանելով քրեական գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը»:

News.am