Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ ԷՐ ԵՎ ՊԵՏՔ ԷՐ ՃԱՆԱՉԵԼ ՎԱՂՈՒՑ

Պնդումը, թե 30 տարվա ընթացքում անհնար էր ճանաչել Արցախի անկախությունը, բացահայտ սուտ է։ Թե՛ կոսովյան նախադեպով, թե՛ կիպրոսյան նախադեպով, թե՛ Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ կապված միջադեպով մենք տեսնում ենք, որ դա հնարավոր էր և վաղուց պետք էր ճանաչել։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա վստահություն է հայտնել, որ այդ դեպքում հակամարտությունն այլ երանգ կստանար, հարցը կքննարկվեր այլ հարթությունում և այլ հարթակում։

Նրա գնահատմամբ՝ ամենամեծ սխալն այն է, որ Արցախի հարցը և դրա հետ կապված Սյունիքը հաճախ դիտարկվում է միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում, այն դեպքում, երբ այն կախված է ուժեղ խաղացողների ուժերի հավասարակշռությունից։ Կոսովոյի, Հարավային Օսիայի և Աբխազիայի նախադեպերը ցույց են տալիս, որ շահագրգռված կողմերը անհրաժեշտության դեպքում ճանաչում են այս կամ այն կազմավորման անկախությունը։

«Պուտինը 44-օրյա պատերազմից հետո հայտարարեց, որ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման դեպքում ռուսական զորքերը կարող էին և չստանալ Ադրբեջանի համաձայնությունը։

Կարծիքն այն մասին, թե Արցախի անկախությունն անհնար էր ճանաչել, ստեղծվել է դեռևս 1990-ականներին, և արդարացվում էր այն մասին թեզիսներով, թե մենք պետք է նորմալ հարաբերություններ հաստատենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ ի հաշիվ Արցախի։ Կարծիքն այն մասին, որ եթե մենք բարեկամության ձեռք մեկնենք, ապա ոչ մի խնդիր չի լինի, նույնպես ճիշտ չէ։

Այսօր մենք տեսնում ենք, որ խնդիրը ոչ թե Արցախն է, այլ առաջին հերթին Սյունիքը, որը խոշոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի և կապված է Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ կոմունիկացիաներով»,- ընդգծել է փորձագետը։

Արցախի ճակատագիրը կախված է այն աշխարհակարգից, որն այժմ ձևավորվում է։ «Մենք տեսնում ենք Իրանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի ակտիվությունը, ուկրաինական խնդիրը։ Արցախահայերի ճակատագիրը կախված է այդ գործընթացներից։ Արցախի հարցը կարող է մնալ կախյալ վիճակում, իսկ Սյունիքը մենք կարող ենք կորցնել։ Խնդիրն Արցախը չէ, այլ Սյունիքը։ Մի կողմում լուրջ փողեր են, այդ թվում բրիտանական, մյուսում՝ Իրանի և Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը։

Բրիտանիայի ռազմավարությունն այն է, որ ուժեղացնի թյուրքական աշխարհը, ինչպես ուժեղացրեց Ուկրաինան, մեկուսացնի Ռուսաստանն ու Իրանը, խաղից հանի նրանց և նոր աշխարհ ստեղծի։ Մենք հայտնվել ենք այդ գլոբալ բախման կենտրոնում։ Ապագայում մենք կարող ենք թե՛ կորցնել, թե՛ շահել այդ բախումներից»,- նշել է քաղաքագետը։

Այս ամբողջ խաղում, անկախ 44-օրյա պատերազմի արդյունքներից, կարևոր է և այն, թե ինչ քաղաքականություն կփորձի վարել Հայաստանը։ «Բայց Հայաստանի իշխանությունները ոչ մի քաղաքականություն չեն վարում, նրանք միայն փորձում են իրավիճակային լուծումներ գտնել։ Բացի այդ, իշխանությունում կան խմբավորումներ, որոնք գործում են Հայաստանի շահերի դեմ»,- ասել է Ստեփան Դանիելյանը։

News.am