Օհանյան․ Արդյո՞ք Հայաստանը սեփական անվտանգության երաշխավորն է

ՌԴ-ի և Արևմուտքի միջև լարվածության աճի ֆոնին Թուրքիան և Ադրբեջանը բաց չեն թողնի մեր երկրի դեմ ագրեսիվ գործողությունները վերսկսելու հնարավորությունը։ Արժանի հակահարվածի պատրաստվելու փոխարեն Հայաստանի իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո մեր բնակչությանը պարտադրում են խաղաղություն ամեն գնով՝ տրվելով Թուրքիայի և Ադրբեջանի ճնշմանը։ Այս մասին սեպտեմբերի 12-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունների «Հայաստանի իրական օրակարգը» համատեղ քննարկման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Բայց դա նույնպիսի կեղծ օրակարգ է, ինչպիսին կար մինչև 44-օրյա պատերազմը, ինչի հետևանքով մենք ստացանք պատերազմ և պարտություն։ Օգտվելով Հայաստանի իշխանությունների սխալ քաղաքականությունից՝ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների հարցերը շաղկապել է հայ-ադրբեջանական հարաբերությունների և Հայաստանի հանդեպ Ադրբեջանի պահանջների հետ։ Այդ պահանջները կապված են Արցախի ապառազմականացման, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, Զանգեզուրի միջանցք տրամադրելու, որը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ և Լաչինի միջանցքը, և Հայաստանի ինքնիշխան տարածքների (այսպես կոչված անկլավների) հանձնման հետ։ Իսկ Թուրքիան, իր հերթին, պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից և փորձում է հաստատել Կարսի պայմանագրի դրույթները։

Ստեղծվել է ռազմաքաղաքական իրավիճակ, երբ Հայաստանի և Արցախի անվտանգության սպառնալիքի վրա ազդում են ոչ միայն աշխարհաքաղաքական գործընթացները և տարածաշրջանային դերակատարների գործողություններն ու ճնշումները, այլև գերակա խնդիրների անտեսումը Հայաստանի իշխանությունների կողմից, ինչպես նաև ձախողակ պետական կառավարումը, որն, անշուշտ, ինքնիշխանության կորստի և հայերին Արցախից քշելու առիթ կդառնա։

Հայաստանի նորագույն պատմությունն աչքի էր ընկնում Արցախի անկախության և ինքնորոշման համար ձեռք բերված հաղթանակի արդյունքում ձևավորված անվտանգային միասնական համակարգով և տնտեսությամբ Հայաստանի և Արցախի միջև՝ զարգացման լայն պոտենցիալով, որտեղ Արցախը Հայաստանի արևելյան սահմանի անվտանգության համակարգի սահմանային օղակն էր, իսկ Հայաստանը՝ Արցախի անվտանգության երաշխավորը։

44-օրյա պատերազմի հետևանքով փոխվել է անվտանգության միջավայրը Հայաստանի և Արցախի միջև։ Ռազմական հավասարակշռության խախտման հետևանքով Ադրբեջանի ախորժակը գրգռվել է, իսկ Թուրքիան ակտիվորեն ներգրավվել է տարածաշրջանային գործընթացներում՝ ձգտելով ձևավորել 3+3 բանաձևը։

Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Այսօր արդեն կանգնած է մեկ այլ հարց. արդյո՞ք Հայաստանը սեփական անվտանգության երաշխավորն է։

Անցյալում առկա հավասարակշռությունը 4 շերտից, մասնավորապես՝ բանակ, հայ-ռուսական հարաբերություններ, ՀԱՊԿ, դիվանագիտություն ԵԱՀԿ ՄԽ-ի շջանակում և տնտեսաքաղաքական համակարգ, այսօր փլուզվել է։

Բանակի ֆունկցիոնալ ազդեցությունը, որը լուրջ մրցակցային հնարավորություններ ուներ, թուլացել է։ 2018-ից երկկողմ և բազմակողմ հարաբերությունները (Ռուսաստան, ՀԱՊԿ, հարևաններ) հետևողականորեն փչացել են։ Դիվանագիտությունը գրանցել է ձախողումներ, անտեսվել է բանակցային հսկայական պոտենցիալը, որը գործընթացը հասցրել է փակուղու և թշնամուն ռազմական ուժի դիմելու հնարավորություն է տվել։

Շուշիի հռչակագիրը Թուրքիային թույլ է տվել հանդես գալ բացառապես ադրբեջանամետ դիրքերից։ Անկարան չի դիմել ուղիղ ռազմական ագրեսիայի Հայաստանի դեմ միայն ռուսական գործոնի պատճառով»,- ընդգծել է պաշտպանության նախկին նախարարը։

News.am