Ալիևի կողմից վերահսկվող ԶԼՄ-ն ակնարկել է Արցախում «հատուկ օպերացիայի» մասին
Ադրբեջանի նախագահի աշխատակազմին մոտ կանգնած պարբերականն ակնարկել է Արցախում «հատուկ օպերացիայի» մասին։
«Ինչպե՞ս կարող է Ադրբեջանն ազատվել Ղարաբաղում հայկական զինված կազմավորումներից» ոչ երկիմաստ վերնագրով հոդվածում երկար թվարկումներից հետո, թե Հայաստանն իբր ինչ պետք է անի, հեղինակներն իրենք իրենց հարց են տալիս. «Արդյունքում գնալով ավելի հրատապ է դառնում հարցը, թե ի՞նչ պետք է անի Ադրբեջանը ստեղծված իրավիճակում։ և որ ամենակարևորն է՝ որքա՞ն Բաքուն պետք է հանդուրժի անօրինական զինված խմբավորումների ու հայ զինծառայողների ներկայությունն իր տարածքում»։ «Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի հրամանատարության հետ հանդիպման ժամանակ հրահանգել է խստորեն ճնշել ցանկացած սադրանք ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուսական խաղաղապահ ուժերի կողմից վերահսկվող տարածքներում։
Ինչից հետևում է, որ ադրբեջանական բանակը պատրաստ է հատուկ օպերացիա իրականացնել՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքում գործող անօրինական հայկական կազմավորումների ամբողջական չեզոքացման համար։ Եթե Հայաստանը շարունակի դիմել հետաձգման մարտավարությանը և չկատարի զինաթափման և Խանքենդիում անջատողական ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքներից դուրս գալու իր պարտավորությունները, Ադրբեջանն ունի բոլոր հնարավորություններն ու համապատասխան միջոցները՝ ամենակարճ ժամկետում հատուկ օպերացիայի իրականացման համար»:
Գործողությունների մասին նման հայտարարությունն առնվազն տարօրինակ է թվում, ավելի շուտ՝ խոսքը «կեղծ հարձակման» փորձի մասին է՝ հակառակորդին վախեցնելու հույսով։
News.am