ՈՂՋ ԹԱՓՈՎ՝ ԴԵՊԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԱ
Հայ հասարակությանը զարմացնում է Արսեն Թորոսյանի այն հայտարարությունը, թե Արցախը անկախության ճանաչման հնարավորություն չունի և երբեք չի ունեցել։ Նույնիսկ Պետրոս Ղազարյանն էր զարմացել, թե՝ ախր ձեր նախընտրական ծրագրում, ընկեր ՔՊ-ականներ, ոչինչ չեք ասել այն մասին, թե Արցախը չի կարող ճանաչվել անկախ։ Ավելին, լեզվի տակ ոսկոր չունեցող ձեր առաջնորդը Ստեփանակերտում ճղավում էր, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։
Մարդիկ իսկապես զարմանում են, թե ինչպե՞ս կարելի է այդպես ստել, երբ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային ողջ գործընթացն ընթանում էր կարգավորման երեք հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնցից մեկը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն էր: Այսինքն՝ սեփական ճակատագիրը որոշելու արցախցիների իրավունքը։ Եվ այդ սկզբունքի տակ ստորագրում էր ոչ միայն միջազգային հանրությունը, այլև Իլհամ Ալիևը...
Իրականում Թորոսյանի հայտարարության մեջ ոչ մի զարմանալի բան չկա։ Նա պարզապես հող է նախապատրաստում պաշտոնական Երևանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու համար։ Հետևաբար, պետք է հիմնավորել, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը ճիշտ է։ Քանի որ հենց դա է «խաղաղության օրակարգը» կամ «խաղաղության դարաշրջանը», որի օգտին, ըստ ՔՊ-ի տրամաբանության, ընտրողը տվել է իր ձայնը 2021-ի հունիսին։
Նույն «տրամաբանությունը» ոչ այնքան վաղուց կիրառվել է նաև Փաշինյանի կողմից։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր նա հիմնավորում Շուշիի հանձնումը նրանով, թե դա «դժգույն ու դժբախտ քաղաք» էր։ Իսկ Հադրութի հանձնումը, թե իբր՝ նախկինում ադրբեջանցիներն ապրում էին Խոջալուում, որը հիմա Իվանյանն է, բայց պետք է, չէ՞, այդ խեղճ ադրբեջանցի փախստականներն ինչ-որ տեղ բնակվեն, երբ գա «խաղաղության դարաշրջանը»։
Այս «տրամաբանությունը», որը կարելի է անվանել «Փաշինյան-Թորոսյանի տրամաբանություն», անկասկած, կզարգանա նաև հետագայում։ Եթե, իհարկե, ընդդիմությունը չմոբիլիզացնի բոլոր ռեսուրսները և այս աշնանը չհասնի Փաշինյանի հրաժարականին։ Ինչը դժվար է, բայց հնարավոր։
Եթե դա տեղի չունենա, ապա մի երեք ամիս անց իշխանական թիմից մեկնումեկը ավելի հեռուն կգնա և կհայտարարի, թե 44-օրյա պատերազմում պարտությունը ամենաճիշտ բանն էր, որ կարող էր տեղի ունենալ Հայաստանի և Արցախի համար։ Քանի որ, իբր, հաղթանակի դեպքում ղարաբաղյան հակամարտությունը կշարունակվեր։ Իսկ այ պարտությունը ճանապարհ բացեց դեպի խաղաղության երկար սպասված դարաշրջան։
Մեզ հանրամատչելի ձևով կբացատրեն, որ միայն պարտությունը թույլ տվեց լուծել հակամարտությունն ու բացել տարածաշրջանային հաղորդակցության ուղիները։ Դե, ոչ բոլորը, իհարկե, այլ նրանք, որոնք Հայաստանի տարածքի միջով կկապեն Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Բայց հանուն դրա էլ, կհավաստիացնեն բոլորին ՔՊ-ականները, պետք էր տանուլ տալ պատերազմը, որպեսզի այդ հաղորդակցությունների բացումը աշխուժացնի տնտեսական կյանքը մեր երկրի այն տարածաշրջաններում, որոնց միջով անցնելու են այդ ուղիները…
Վերջապես, կասեն ՔՊ-ի ամենահամարձակները ևս մի քանի ամիս անց, հենց պատերազմում կրած պարտությունն է բացում ադրբեջանցիների վերադարձի ճանապարհը Հայաստան։ Իսկ դա ոչ միայն կրկին իսկ կնպաստի տնտեսական ակտիվությանը, այլև կօգնի լուծել Հայաստանի ժողովրդագրական խնդիրները։ Կասեն, անպայման կասեն։ Միայն մի քիչ էլ ժամանակ տվեք նրանց։
Այնպես որ Թորոսյանի հայտարարությունը լոկ ծաղիկներ են։ Ամենատարբեր պտուղների առատ բերքը դեռ առջևում է։ Մեր շոգեքարշն առաջ է սլանում։ Ողջ թափով։ Դեպի «խաղաղության դարաշրջան»։ Իսկ կանգառը կլինի թուրք-ադրբեջանական կոմունայում։