ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԴԻՄՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
«Հայաստան» խմբակցությունն ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասում է, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈւ–ի ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտեսնիվորեն կրակում են հայկական դիրքերի ուղղությամբ: Թշնամին կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Թիրախավորվել են ՀՕՊ համակարգերը և ռազմական հենակետերը:
«Սա Ադրբեջանի հերթական ռազմական արկածախնդրությունն ու հանցագործությունն է, որոնց նախորդել էին տեղեկատվական դիվերսիոն գործողությունները և այսպես կոչված հասարակական կարծիքի ձևավորումը: Ադրբեջանական այս գործողությունները գնահատում ենք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և դատապարտում ենք իրականացվող հանցագործությունը»,– ասված է հայտարարության մեջ։
Ընդդիմադիր ուժի դիտարկմամբ` Ադրբեջանը, օգտվելով միջազգային լարված իրավիճակից, փորձում է ուժի կիրառմամբ ոտնձգություն իրականացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:
«Տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս այսպես կոչված խաղաղության դարաշրջանի իրական դեմքը և Հայ ժողովրդին մատուցվող կեղծ օրակարգի վտանգավորությունը»,– նշում է «Հայաստան» խմբակցությունը:
Ընդդիմադիր ուժը դիմում է ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությանը՝ ակնկալելով հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրերով նախատեսված գործողությունների իրականացում:
«Հայաստան» դաշինքը կոչ է ուղղում նաև միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀԱՊԿ-ին, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ներգրավված համանախագահող պետություններին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ֆրանսիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին` անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի հանցավոր գործողությունները կանխելու և դրանց համարժեք գնահատական տալու համար:
Ընդդիմությունն ակնկալու է նաև բարեկամ երկրների, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության ակտիվ ներգրավվածությունը ադրբեջանական հանցավոր վարքագծին գնահատական տալու և Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար:
Իսկ ՀՀ ժողովրդին կոչ է անում խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը և պատրաստ լինել պաշտպանելու Հայոց պետականությունը:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր:
Sputnik Արմենիա