ՋԵՐՄՈՒԿԸ` ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՏԱԿ․ Ի՞ՆՉ Է ԱՅՆՏԵՂ ԿԱՏԱՐՎՈՒՄ

Ջերմուկի գնդակոծությունը դադարել է գիշերվա ժամը երկուսին մոտ, սակայն տեղացիներին դա չի հանգստացրել։ Ամբողջ գիշեր նրանք լքում էին վտանգավոր դարձած հանգստավայրը։

Վայոց Ձորի ճանապարհին կանգ ենք առնում բենզալցակայանի խանութի մոտ։ Վաճառողուհին լաց է լինում, ցույց է տալիս նորածնի լուսանկար:

«Երեկ մենք երեխա ենք ունեցել, իսկ այսօր այսպիսի բան է կատարվում.. Ե՞րբ Աստված կվերականգնի արդարությունը»։

Կամուֆլյաժով երկու աղջիկ են խանութ մտնում, հարցնում են՝ կարելի՞ է արդյոք զուգարանից օգտվել։

«Իհարկե»,–, ասում է վաճառողուհին։ Դեմքն անմիջապես փոխվում է։ Արցունքները դեռ չեն չորացել, բայց արդեն շփոթված չի թվում։

Բենզալցակայանի մոտ խոսակցությունները միայն Ջերմուկից հարազատներին դուրս բերելու մասին են։ Սակայն մարդկանցով հապճեպ լցված մեքենաներն այդքան էլ շատ չեն։ Ակնհայտ է, որ ամեն ինչ կազմակերպված է տեղի ունենում։ Ճանապարհների ո՛չ խցանում, ո՛չ էլ իրարանցում չկա։

Անցնում ենք Արենի գյուղը, Վայք քաղաքը։ Փողոցներում ամենուր տղամարդիկ են. ինչ-որ բան են քննարկում, որոշում։ Շատերը հարազատներ ունեն Ջերմուկում ու մոտակա գյուղերում, ուստի պայմանավորվում են` ինչպես և որտեղ տեղափոխել նրանց։

Ճանապարհը մայրուղուց թեքվում է դեպի Ջերմուկ։ Այստեղից մինչև քաղաք քսան րոպեի ճանապարհ է, բայց մուտքը սահմանափակ է։

«Մուտքը միայն տեղացիների համար է, որպեսզի հարազատներին տեղափոխեն, կամ էլ՝ անցագրերով», - ասում է հերթապահներից մեկը:

Տեղացի ոստիկանները դեմքով ճանաչում են վարորդների մեծ մասին։ Ահա մեկը եկավ եղբորընտանիքին տանի, մյուսը երկրորդ անգամ է գալիս հարազատների հետևից:

Մարդիկ դուրս են գալիս ոչ միայն Ջերմուկ քաղաքից, այլև մոտակա երկու գյուղերից՝ Գնդեվազից և Կեչուտից։ Տղամարդիկ խոսում են, մտածում՝ ով ում հետևից գնա, միմյանց են փոխանցում մեքենաների բանալիները։

«Նա ավելի հանգիստ է վարում, նրան տուր»,-հավաքականորեն որոշում է խումբը, ու սև մեքենայի վարորդը փոխվում է:

Նրանքհաստատ արագությունն ի նկատի չունեն։ Մեքենաները դանդաղ են շարժվում։ Չնայած վտանգին, իրարանցում ու խուճապ չկա։ Ուղևորները մի տեսակ քարացած են, անհասկանալի է՝ սառնասրտության, թե հոգնածության պատճառով։

«Մենք նույն տեղն ենք գնում», - ասում է տղամարդը ոստիկանին՝ ցույց տալով կողքի մեքենան։

«Սկզբում դու գնա, նրանք էլ` քո հետևից։ Շարժման ընթացքում ուղիղ մի գնացեք, աջ ու ձախ արեք», - զգուշացնում է ոստիկանը։

Առավոտյան ժամը 6-ին անցակետին զինվորականներով մի քանի «Ուրալ» է մոտենում։ Նրանց հետևից շտապօգնության մեքենա է գալիս: Երբ նրանք անցնում են անցակետը, զինվորականներն այլևս որևէ մեկին ներս չեն թողնում։

Բնակիչներն ասում են, որ քաղաքում կեսգիշերային գնդակոծության հետևանքները զգալի են։ Ջերմուկի միակ այլընտրանքային ճանապարհը քարերի տակ է մնացել…

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Այս պահի դրությամբ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա