Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է «ՀԱՆԴԱՐՏԵՑՆԻ» ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Ռուսաստանը դիվանագիտության միջոցով փորձում է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության, իսկ այսօր դա անելը հեշտ չէ, քանի որ Բաքվի հետևում Թուրքիան է կանգնած։ Այս մասին «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
«Հրետակոծությունը ցավալի է։ Այն ուղեկցում է հայ-ադրբեջանական հարաբերություններն արդեն երկար տարիներ և հատկապես վերջին երկու տարվա ընթացքում։ Վերջին պատերազմից հետո Ադրբեջանը փորձում է որքան հնարավոր է շատ օգուտ քաղել Ղարաբաղում Հայաստանի պարտությունից։ Ադրբեջանին շրջաններ հանձնվեցին, սակայն վերջինս, ըստ երևույթին, չի բավարարվում, ուզում է ավելին և օգտվում է նրանից, որ Ռուսաստանը զբաղված է ուկրաինական խնդրով։ Պետք է պարզել Թուրքիայի դերը, որը, որպես կանոն, կողմ է Ադրբեջանի բոլոր գործողություններին»,-նշել է Զատուլինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հեռու կմնա ռազմական գործողություններին միջամտելուց, սակայն պետք է «հանդարտեցնի» Ադրբեջանին։
«Խաղաղապահ ուժեր արդեն կան Ղարաբաղում։ Կարծում եմ, որ Ռուսաստանը զերծ կմնա ռազմական գործողություններին միջամտելուց։ Ռուսաստանը պետք է հասնի Ադրբեջանից հանգիստ պահվածքի։ Սակայն այն պայմաններում, երբ Ադրբեջանի հետևում Թուրքիան է կանգնած, դրան դժվար է հասնել։ Ռուսաստանը դիվանագիտության միջոցով փորձում է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության»,-եզրափակել է Զատուլինը։