Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՅԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՆԱԼ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջնագծում իրադրությունը չի հանգուցալուծվել և մոտ ապագայում կարող է մոբիլիզացիայի անհրաժեշտություն առաջանալ, հարկ եմ համարում ընդգծել, որ դա պետք է արվի ոչ թե 44-օրյա պատերազմի օրինակով՝ 30 հոգանոց ջոկատներ կազմավորելու, զրահաբաճկոն և սաղավարտ ճարելու ճանապարհով, այլ այնպես ինչպես նախատեսված է համապատասխան փաստաթղթերում։

Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.

«Զինված ուժերի համալրումը, առաջնագծում գտնվող մեր զինծառայողների մարտական խնդիրը կատարելու հրամայականն իրացնելիս մոբիլիզացիան պետք է իրականացվի պատշաճ ձևով՝ կցագրված անձնակազմի, համալրումների, լրահամալրումների միջոցով։

Պետք է ոչ թե նոր ջոկատներ կազմավորվեն, այլ համալրվեն զինված ուժերի զորամասերն ու ստորաբաժանումները։

Սա է ճանապարհը և սա է հնարավորությունը եղած պայմաններում կառավարման, կապի, զորքերի ներդաշնակության նվազագույն խնդիրները լուծելու համար։

Իսկ ինստիտուցիոնալ գործընթաց անցած կամավորական կազմակերպությունների դեպքում պետք է առաջնորդվել փորձված և ԶՈՒ-ի հետ առավելագույնս ներդաշնակեցված սխեմաներով»,- գրել է պատգամավորը։

Verelq.am