ՌԴ ԱԳՆ․ Հատուկ հանձնարարությունների դեսպան Խովաևը կայցելի Բաքու և Երևան
ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարությունների դեսպան Իգոր Խովաևը հերթական անգամ սեպտեմբերին կայցելի Բաքու և Երևան՝ շարունակելու խաղաղության պայմանագրի տեքստի մշակման աշխատանքը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Խաղաղության պայմանագրի պատրաստման թեման կարևոր տեղ է զբաղեցնում հայ-ադրբեջանական կարգավորմանն աջակցելու մեր ջանքերում։ Ռուսական համապատասխան օգնության անհրաժեշտությունը հաստատել են թե՛ Բաքվում, թե՛ Երևանում։ Հասկանալի է, որ մեզ համար սա ինքնագովազդի հարց չէ, այլ հսկայական պատասխանատվություն»,- ասել է Գոնչարը։
Նա հիշեցրել է, որ այդ ջանքերին համակարգային և առարկայական բնույթ տալու համար Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հատուկ հանձնարարությունների դեսպան Խովաևի վրա է դրել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերի հատուկ ներկայացուցչի գործառույթները։
«Խովաևը մշտապես այցելում է Բաքու և Երևան՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ խորհրդատվությունների, գործընկերների դիրքորոշումներում շփման կետերի որոնման համար, որպեսզի համաձայնեցնի համաձայնագրի նախագիծը։ Նրա հերթական ուղևորությունները տարածաշրջան տեղի կունենան այս ամիս»,- նշել է Գոնչարը։
News.am