Չավուշօղլու․ Անկարան Կիևից պարզաբանումներ է խնդրել թուրք գործարարների դեմ արշավի վերաբերյալ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե Անկարան Կիևից պարզաբանումներ է խնդրել թուրք գործարարների դեմ արշավի վերաբերյալ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ թուրքական Aydinlik թերթը հայտնել էր, որ Ուկրաինայում թուրք գործարարների և բանկերի դեմ պատժամիջոցներ կիրառելու քարոզարշավ է սկսվել՝ կապված Արևմուտքի հակառուսական որոշումներին Անկարայի չմիանալու հետ։ Ըստ թերթի, հրապարակվել է թուրքական «Զիրաաթ», «Իշբանկ» և Credit Europe բանկերի ղեկավարների ցուցակը՝ լուսանկարներով և այդ ընկերությունների ու մասնավոր անձանց դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով։ Թերթը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, նշել է, որ Թուրքիան պարզաբանումներ է խնդրել Ուկրաինայից՝ կապված Կիևում սկսված արշավի հետ։

Չավուշօղլուի խոսքով՝ տպավորությունն այնպիսին է, որ Ուկրաինայի նախաձեռնած այս արշավն ուղղված է միայն թուրքական ընկերությունների դեմ։ Սակայն դա այդպես չէ, ցուցակում ընդգրկված են Ռուսաստանի հետ կապված և նրա հետ բիզնեսով զբաղվող բազմաթիվ երկրների ընկերություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից։ «Այս ցուցակում ավելի քան 18 000 մարդ և ընկերություն կա։ Մեզ մտահոգում են միայն մեր սեփական ընկերությունները: Մենք բացատրություններ ենք խնդրել։ Աշխատում ենք այդ ուղղությամբ»,- լրագրողներին ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

News.am