ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՎԱՀԱՆՆԵՐՈՎ ՊԱՏ ԵՆ ԿԱԶՄԵԼ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԱԺ ՆԻՍՏԻՑ ԱՌԱՋ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Այսօր առավոտից ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված Ազգային ժողովի շենքի մոտ: Նրանք վահաններով զինված պատ են կազմել ու փակել դեպի Դեմիրճյան փողոց մտնող ճանապարհը: Ենթադրվում է, որ դրանով ապահովում են պատգամավորների անարգել մուտքը Ազգային ժողովի շենք: Սպասվում է, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա կիրականացնեն ԱԺ շենքի մոտ:

 


Հիշեցնենք, որ երեկ բազմաթիվ քաղաքացիներ փակել էին Բաղրամյան պողոտան և բողոքի ակցիան էին իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք վանկարկում էին «Նիկոլ դավաճան»։ Այսօր ևս քաղաքացիները սկսել են հավաքվել ԱԺ շենքի մոտ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի պահանջը ստորագրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, պետք է ՔՊ-ից ևս 18 պատգամավոր ստորագրի, որպեսզի գործընթացն սկսվի:

Երեկ նույն պահանջով ինքնաբուխ հանրահավաքներ են տեղի ունեցել նաև Գյումրիում, Ստեփանակերտում, նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան դիմաց:՜

Նշենք, որ այսօր ԱԺ-ում պետք է շարունակվի ԱԺ նիստը:

News.am