ԱՊՐԵՆՔ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Եվ այսպես, ի՞նչ է կատարվում: Սկզբում տեղի ունեցավ Շառլ Միշելի, Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բրյուսելում։ Վերջինս, հիշենք, վերադարձավ չափազանց վշտացած։ Խոսում էր այն մասին, որ հանդիպումը «շատ ծանր» էր։ Ի՞նչ է դա նշանակում։

Նշանակում է, որ նրան ստիպել են ընդունել ինչ-որ պայմաններ, որոնք նա չէր կարող ընդունել։ Ո՞վ է ստիպել։ Բնականաբար՝ Իլհամ Ալիևը։ Բայց եթե հանդիպումը «շատ ծանր» էր, գուցե Շառլ Միշելի՞ց էլ Փաշինյանը չի ստացել ակնկալվող աջակցությունը։ Բայց դա տրամաբանական է։ ԵՄ-ին չեն հետաքրքրում Հայաստանի և Արցախի խնդիրները։ ԵՄ-ին հետաքրքրում է Ռուսաստանի դուրսմղումը տարածաշրջանից։ Դրա համար պետք է կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Ի՞նչ պայմաններով: Ամենահեշտը՝ հաղթողի պայմաններով…

Եվ այսպես, Նիկոլը Բրյուսելից վերադառնում է վշտացած և հետո իր հայտարարություններով աստիճանաբար բացում փակագծերը, թե հատկապես ինչու է ինքն այդքան վշտացած։ Պարզվում է՝ Ալիևը Բրյուսելում հայտարարել է նրան, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի միայն ադրբեջանական կողմի ներկայացրած հայտնի հինգ կետերի հիման վրա։ Ավելին, ըստ Նիկոլի կիսատ-պռատ ակնարկների, խաղաղության պայմանագրում պետք է նշված լինի նաև, որ Երևանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս... Ավելին, դատելով նրանից, որ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի մասին ոչինչ չասվեց, բացարձակապես ոչինչ, Միշելը դեմ չէ կարգավորման այդպիսի տրամաբանությանը։

Հասկանալի է, որ Փաշինյանն իր համաձայնությունը Բրյուսելում տալ չէր կարող, մանավանդ որ, իր իսկ խոսքերով, եթե ընդուներ Ալիևի վերջնագիր-առաջարկը, ապա դա բնավ չէր նշանակի, թե հետագայում Բաքուն լրացուցիչ պահանջներ չի ներկայացնի Երևանին։ Նիկոլն առայժմ համաձայնում է միայն նրան, որ ձևավորվեն խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խմբեր։ Իսկ նրա թիմի անդամները սկսում են «համենայն դեպս» նախապատրաստել հասարակական կարծիքն այն բանին, թե Արցախը «երբեք չէր կարող ճանաչվել անկախ»։

Ալիևը, հասկանում է. որպեսզի Նիկոլն ընդունի «խաղաղության» իր պայմանները, նրան պետք է դրդել դրան, և սանձազերծում է ռազմական գործողություններ։ Սակայն նրա ագրեսիան ըմբռնում չի գտնում տարածաշրջանային դերակատարների մոտ։ Իրանն արտահայտվում է այն ոգով, որ չի հանդուրժի հայ-իրանական սահմանի վերանայում։

Մոսկվայի դիրքորոշումը նույնպես միանգամայն այլ է։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո Մոսկվան հաճախ և բազմիցս նշել է իր մոտեցումները։ Այն է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը պետք է թողնել ավելի լավ ժամանակների, իսկ հիմա գլխավորը նորմալ հարաբերություններ կարգավորելն է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, սահմանազատման ճանապարհով և այլն…

Կարելի է ենթադրել, որ իր այդ մոտեցումը ռուսական ղեկավարությունը շարադրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ երկկողմ հանդիպումների ժամանակ, և այդ մոտեցումն ըմբռնում է գտել։ Եվ ահա Բաքուն ներկայացնում է նոր պահանջներ, որոնց բավարարումը ոչ միայն հակասում է նախկինում համաձայնեցված մոտեցումներին, այլև միանշանակ կհանգեցնի տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացմանը։ Այսպես, մեղմ ասած…

Կրեմլից հաղորդագրություն է ստացվում այն մասին, որ Պուտինը Սամարղանդում մտադիր է Իլհամ Ալիևի հետ խոսել հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացների մասին: Մինչ այդ Պուտինն ու Փաշինյանը պարբերաբար զանգում են միմյանց, սակայն Պուտինի ու Ալիևի հեռախոսազրույցների մասին ոչ մի հաղորդագրություն չկա։ Հարաբերություններում սառնությունն ակնհայտ է։

Մինչդեռ Փաշինյանը խորհրդարանում գրեթե ուղիղ տեքստով խոսում է այն մասին, որ դիտարկում է մի փաստաթուղթ ստորագրելու հնարավորությունը, որը խաղաղություն կերաշխավորի Հայաստանի նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքում... Եթե նման փաստաթղթի ստորագրումը երաշխավորի խաղաղությունն այդ տարածքում: Եվ թող դրանից հետո իրեն դավաճան անվանեն, թող իրեն հեռացնեն իշխանությունից, ինքը պատրաստ է դա անել։

Բոլորը միանշանակ հասկացան. Փաշինյանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործ, եթե Բաքուն երաշխավորի Հայաստանի Հանրապետության խաղաղ կյանքը և հրաժարվի Հայաստանի նկատմամբ այլ նկրտումներից: Այլ կերպ հասկանալ Փաշինյանի խոսքերը պարզապես անհնար էր։

Մինչդեռ դիվանագիտական ճնշում է սկսվում Ադրբեջանի վրա միջազգային կառույցների կողմից, որոնց ծրագրերի մեջ ոչ մի կերպ չի մտնում նոր մեծ պատերազմը Հարավային Կովկասում։ Մինչդեռ հայ զինակոչիկ տղաները, չնայած սպառազինության առումով թշնամու գերազանցությանը, կատաղի դիմադրություն են ցույց տալիս, և թշնամին կենդանի ուժի մեծ կորուստներ է կրում։ Մինչդեռ Երևանը դիմում է ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։

Մինչդեռ Փաշինյանի անկեղծացումներից ցնցված տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվում են խորհրդարանի շենքի մոտ՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Հազարավոր մարդիկ նույն պահանջով հավաքվում են Ստեփանակերտում։ Վախեցած իշխանությունը շտապում է արդարանալ. Նիկոլն ու Ալենը սկսում են բացատրել, թե Փաշինյանին սխալ են հասկացել... Նույնիսկ ԱԱԾ-ն, որի գործառույթների մեջ դա ոչ մի կերպ չի մտնում, հանդես է գալիս Փաշինյանի խոսքերի պարզաբանումով։ Անհեթեթություն, որից բխում է միայն այն, թե որքան թանկ է Փաշինյանը ԱԱԾ-ի համար... Բայց սա այլ թեմա է։

Ալիևը տեսնում է, թե ինչ կորուստներ է կրում իր զինուժը։ Ինչպես է միջազգային հանրությունը դատապարտում իր գործողությունները։ Ինչպես է Հայաստանում սկսվում Փաշինյանի հրաժարականի պահանջի նոր ալիք, ինչը ամենևին չի մտնում Ադրբեջանի առաջնորդի ծրագրերի մեջ։ Հաստատվում է «հումանիտար հրադադար»։

Այսպիսով, 13-ի լույս 14-ի գիշերը խորհրդարանի առջև հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ իրենց պահանջներով սեփական ներդրումն ունեցան հրադադարի հաստատման գործում, մեկ անգամ ևս ցույց տվեցին մեր դաշնակիցներին սեփական շահերը պաշտպանելու վճռականությունը, անկախ նրանից, թե ինչ է ասում ու անում իշխանությունը, և ստիպեցին Փաշինյանին երդվել, որ ինքը ոչինչ մտադիր չէ ստորագրել…

Կհրաժարվի՞ արդյոք Ալիևն իր նկրտումներից։ Ոչ։ Նա պարզապես կրկին կսպասի հարմար պահի, որպեսզի նոր հարված հասցնի։ Փաշինյանի խոսքերը, թե ինքը ոչ մի բան չի պատրաստվում ստորագրել, ոչինչ չեն նշանակում։ Սա այն մարդն է, որն ասում էր, թե «Արցախը Հայաստան է, և վերջն է»։ Եթե հերթական ագրեսիան հաջողությամբ պսակվի, Փաշինյանն ամեն ինչ կստորագրի և կասի, թե նախապես զգուշացրել էր...

Կպատերազմե՞ն արդյոք մեզ համար ռուսներն Ադրբեջանի դեմ, որի թիկունքում միանշանակ կանգնած է Թուրքիան։ Դժվար թե։ Բայց կարելի է տարատեսակ լուրջ աջակցություն ակնկալել ՀԱՊԿ-ի գծով, և ոչ միայն։

Կարելի՞ է արդյոք խուսափել իրադարձությունների զարգացման բացասական սցենարից։ Կարելի է: Եթե Փաշինյանի հրաժարականի պահանջը շարունակ թափ առնի, չնայած իշխող թիմի տխմար ներկայացուցիչների տխմարագույն հայտարարություններին։

Երեկ բողոքողների մի մասը շարժվեց դեպի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ՝ պահանջելով, որ վերջինս գլխավորի ակցիաները։ Նրան չես նախանձի։ Չափազանց կրիտիկական իրավիճակ է Հայաստանում և չափազանց պայթյունավտանգ են իրադարձությունների զարգացման առավել հավանական սցենարները։ Մյուս կողմից ... Մի՞թե նա այլ ընտրություն ունի:

Իդեալական է պատկերանում Պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու ընդդիմության առաջարկի իրագործումը, որը Քոչարյանի ղեկավարությամբ կգլխավորի հանրապետությունը՝ կառավարությանն ու իշխող թիմին թողնելով տարածաշրջանային և համաշխարհային նշանակության փառատոնների կազմակերպման պատվավոր գործառույթը։ Դա կլինի առավել ռացիոնալ լուծում ստեղծված իրավիճակում, մինչև ընդհանուր համաշխարհային լիցքաթափումը։ Գործնականում վստահ ենք, որ վաղ թե ուշ, բայց այդ կամ համանման սցենար կիրականացվի։ Քանի որ դրան կնպաստի Հայաստանի կառավարման համար բացարձակ վնասակար իշխող թիմը՝ պետական կառույցների փլուզման ուղղությամբ իր քայլերով։ Այլ հարց է, որ բանն այնքան հեռուն չգա, որ ինչ-որ բան վերականգնելը դառնա անիրագործելի խնդիր։

Քոչարյանը հանդիպում է նշանակել իր կողմնակիցների հետ առաջիկա երկուշաբթի օրը։