«Ժողովուրդ». ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՁԱԽՈՂՈՒՄԸ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում, ՀՀ Ազգային ժողովում որոշել են շարունակել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է հանդես եկել համապատասխան նախաձեռնությանբ և առաջարկում է Ազգային ժողովի «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել: Նկատենք՝ ստեղծման օրվանից մինչև այժմ այս հանձնաժողովն արժեքավոր որևէ աշխատանք չի կատարել և միայն ձևականորեն նախկին 1-2 պաշտոնյայի է հրավիրվել խորհրդարան:

Ընդգծենք, որ անգամ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը որևէ բացահայտմամբ աչքի չէր ընկել, այնինչ՝ նույն Անդրանիկ Քոչարյանն աղաղակում էր, թե բազմաթիվ փաստեր կան՝ նախկին իշխանությունների դեմ: Հիմա էլ, չկարողանալով սեփական իշխանությունների սխալները քողարկել, Քոչարյանն անընդհատ երկարաձգում է հանձնաժողովի աշխատանքները. մինչդեռ Հայաստանը կրկին պատերազմի մեջ է»:

News.am