Սոթք գյուղում արդեն հինգերորդ օրն է՝ էլեկտրաէներգիա չկա

Վարդենիսի Սոթք գյուղում արդեն հինգերորդ օրն է՝ էլեկտրաէներգիա չկա: Սեպտեմբերի 13-ի գիշերը վնասվել են ոչ միայն էլեկտրաէներգիայի հաղորդալարերը, այլև գազատարը: Մալուխների վերականգնողական աշխատանքները սկսվել են, գազատարի վերանորոգումը դեռ չի սկսվել:

Սոթքը ադրբեջանական կողմի նախաձեռնած ռազմական ագրեսիայի հետևանքով ամենից շատ վնաս կրած բնակավայրն է Գեղարքունիքի մարզում։ Այստեղ բազմաթիվ տներ են մասնակիորեն ավերվել, դրանք այժմ ապրելու համար պիտանի չեն: Այս տների բնակիչները ժամանակավորապես բնակվում են իրենց ծանոթ-բարեկամների տներում՝ այլ գյուղերում: Կանայք և երեխաները ռազմական գործողությունների պատճառով տարհանվել են, քչերն են, որ հրադադար հաստատելուց հետո վերադարձել են գյուղ։

Սոթքում դպրոցը, մանկապարտեզը, խանութները դեռ չեն աշխատում: Դպրոցի շենքը վնասվել է հրետակոծության հետևանքվ: Չնայած գյուղի հրետակոծումն արդեն երեք օր է դադարել է, բնակիչները դեռ անորոշության մեջ են, միայն առավոտյան գնում են գյուղ, անասուններին կերակրում, երեկոյան հեռանում:

Այսօր մեր նկարահանող խումբը եղել է Սոթքում, զրուցել բնակիչների հետ, նաև Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանի հետ:

Ֆոտոռեպորտաժը Սոթքից՝ այստեղ։

News.am