Ալեքսեյ Օվերչուկ․ Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել կապերը Հայաստանի հետ
Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել կապերը Հայաստանի հետ և գործնականում լուծել տնտեսական խնդիրները։ Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով ռուսական պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Երևան՝ մասնակցելու ռուս-հայկական IX միջտարածաշրջանային համաժողովին և հավելել, որ սրանք միայն խոսքեր չեն:
«Այսպիսի ներկայացուցչական պատվիրակությամբ մենք ժամանել ենք այստեղ՝ ընդգծելու Հայաստանի հետ մեր պատմական մտերմությունը և մեր ժողովուրդների ու տնտեսությունների միջև կապերը զարգացնելու ու ամրապնդելու ցանկությունը։ Սա իններորդ ֆորումն է, այն ընթանում է մեր երկրների համար դժվարին պահին։ Խնդիրը Ռուսաստանի և Հայաստանի առջև ծառացած տնտեսական խնդիրների գործնական լուծումն է։ Սրանք ոչ թե գեղեցիկ խոսքեր են, ոչ թե տեսություն և խոստումներ, այլ իրական աշխատանք՝ ի շահ մեր երկրների ժողովրդի», - ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նա հավելել է, որ կողմերը հետևողականորեն և անընդհատ աշխատում են բոլոր մակարդակներում՝ Ռուսաստանի և Հայաստանի մարզերում, գործարար և փորձագիտական համայնքներում, պետական կառույցներում։
News.am