Ահմեդ ՔԱԶԵՄԻ․ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԿԵՂԾ ՄԻՋԱՆՑՔ»-Ի ՆԱԽԱԳԻԾԸ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏՐԻԳՆ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Կովկասյան հարցերով փորձագետ Ահմեդ Քազեմին Իրանի հեռուստատեսային «Սորայա» հաղորդման ժամանակ ասել է, որ «Զանգեզուրի կեղծ միջանցքը» կամ «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը» Բրիտանիայի և «սիոնիստական ռեժիմի» աշխարհաքաղաքական ինտրիգն է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Կովկասի կարևոր տարածաշրջանում, որտեղ այս նախագծում գործակալի և գործադիրի դեր են խաղում Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները, տեղեկացնում է parstoday.com-ը։

«Բազմաթիվ ապացույցներ կան, որոնք ցույց են տալիս, որ Բրիտանիան և սիոնիստական ռեժիմը հանդիսանում են այս խռովության և հարակից շարժումների հիմնական նախագծողները: ՆԱՏՕ-ում Բրիտանիայի նախկին ներկայացուցիչ Ադամ Թոմսոնը, հստակ ասել է, որ 2020 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմով պատմական հնարավորություն է ստեղծվել, որը պետք է օգտագործվի և Հայաստանի հարավում Թուրքիան Ադրբեջանին կապող միջանցք ստեղծելով, ՆԱՏՕ-ին հասցնենք Կասպից Ծովին և ՆԱՏՕ-ն մեկ քայլ մոտեցնել Չինաստանին»,– ասել է նա:

Քազեմին նշել է, որ «բոլոր փաստերն ու ապացույցները վկայում են, որ Ադրբեջանը մտադիր է օկուպացնել և բռնակցել Հայաստանի հարավը և նույնիսկ դուրս է եկել Զանգեզուրի միջանցքի կեղծ պլանից»։ Կայքը հիշեցնում է, որ օրերս ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ տեղեկություններ կան, որ Ադրբեջանը Նախիջևանից ռազմական գործողություններ է ձեռնարկելու՝ գրավելու Հայաստանի տարածքի այլ հատվածներ՝ Հայաստանի կապը երկրի հարավային շրջանների հետ խզելու համար և գործնականում Հայաստանի այս հատվածը Թուրքիայի և Իսրայելի օգնությամբ կմասնատվի և կկցվիի Ադրբեջանին:

«Նկատի ունենալով ներկա իրավիճակում Հայաստանի թուլությունը, հուսահատությունն ու փխրունությունը՝ Ադրբեջանը Բրիտանիայի, սիոնիստական ռեժիմի և Թուրքիայի աջակցությամբ նպատակներ է հետապնդում Զանգեզուրի կեղծ միջանցքից այն կողմ։ Նկատի առնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, որը բազմիցս ընդգծել է, որ Հայաստանի հարավային շրջանը և նույնիսկ Երևանը պատմականորեն պատկանում են Ադրբեջանին, և ադրբեջանցիները այնտեղ կվերադառնան կա՛մ քաղաքական, կա՛մ ռազմական ճանապարհով, պարզ են դառնում Հայաստանի հարավային շրջանները բռնակցելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները»,– ասել է նա:

News.am