Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ․ ՍԱ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄԸ ՉԷ
Ադրբեջանը, սանձազերծելով վերջին բախումը, Հայաստանի վրա ճնշում գործադրելով խաղաղության պայմանագիր կնքելու քաղաքական նպատակներ է հետապնդում։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նա պարզաբանեց, որ Բաքուն մի շարք նպատակներ ունի։ «Առաջին նպատակը Լաչինի միջանցքն էր, և դրան հասավ։ Երկրորդ նպատակը, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրն է, այսինքն՝ Հայաստանի համաձայնությունը, որ Ղարաբաղի հարցը ներադրբեջանական գործ է։ Այսպիսով, խաղաղապահությունն արժեզրկվում է, քանի որ ինչի են պետք խաղաղապահները, եթե խնդիր չկա։
Երրորդ նպատակը Սյունիքով հաղորդակցությունն է, որն ադրբեջանցիներն անվանում են Զանգեզուրի միջանցք։ Միանգամայն ակնհայտ է, որ Իրանի համար բացարձակապես ձեռնտու չէ փոխել տարածաշրջանում սահմանների կոնֆիգուրացիան։ Իրանը ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Թուրքիայի հետ բավական լուրջ խնդիրներ ունի։ Իրանի հայտարարություններն ուղղված են միջանցքների կառուցման պլանների վրա ազդելուն, քանի որ Հայաստանի հետ փոխգործակցությունը կխախտվի»,- ընդգծեց Իսկանդարյանը։
Բաքվի ևս մեկ նպատակ փորձագետն անվանեց Հայաստանի թուլացումը բոլոր առումներով՝ համապատասխան բարձունքներ գրավելով, բանակի կառույցներին, տնտեսական կառույցներին, ճանապարհներին հարվածներով։ «Հիմա պարզ է, թե ինչու անցյալ տարի Սև լճի վրա հարձակում տեղի ունեցավ։ Հենց այդտեղից էլ այս անգամ հասցվեցին հարվածները։ Կարծում եմ, որ խնդիրն ամենևին էլ ռազմական բնույթ չի կրում, քանի որ եթե լիներ ռազմական բնույթի խնդիր, և Ադրբեջանին անհրաժեշտ լիներ երկու մասի կիսել Հայաստանը կամ նրանից կտրել Սյունիքը, ապա այդ երևույթները սկզբունքորեն այլ չափեր կունենային, այլ ոչ թե 3-4 կմ»,- հավելեց քաղաքագետը։ Նա կարծում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանն առաջնահերթ նշանակություն չունի ԱՄՆ-ի համար, սակայն որոշակի նշանակություն ունի, քանի որ նա գտնվում է Իրանի և Ռուսաստանի միջև՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի քաղաքականությունն այդ երկրների նկատմամբ, ինչպես նաև Չինաստանի ու Թուրքիայի և այնուհետև Եվրոպայի միջև։
«Եթե տարածաշրջանում ինչ-որ ռիսկեր կան, ապա դրա վրա մի փոքր ավելի մեծ ուշադրություն է հրավիրվում, քան նախկինում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակոցները դադարեցրեցին շատ գործոններ, այդ թվում՝ Արևմուտքի ջանքերը՝ Մակրոնի, Բլինքենի, ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի, Փելոսիի այցի տեսքով»,- նշեց Իսկանդարյանը։
Փորձագետը հիշեցրեց, որ եղել է դիվանագիտական լուրջ ակտիվություն (ոչ որևէ այլ ակտիվություն) նաև ռուսական կողմից, եղել է համապատասխան պահվածք, հայ զինվորականների համապատասխան արձագանքը շփման գծում. այս ամենը միասին իր դերն է խաղացել, և հիմա հակառակորդի ակտիվությունը գրեթե դադարել է։
«Կարծում եմ, որ այդքան էլ իրատեսական չէ այնպես անել, որ այս վիճակը երկար շարունակվի։ Սկսած 2020 թվականից դիտարկվում է ցածր ինտենսիվության հակամարտություն, որը ենթադրում է մշտական տուրբուլենտություն, մշտական անհանգստություն սահմաններին։ Ինձ թվում է՝ դա Ադրբեջանի որդեգրած ռազմավարությունն է։ Այս տեսակի էսկալացիայի լրջությունը ցույց է տալիս, որ որոշումները կայացվում են Բաքվի մակարդակով, որը Հայաստանից զիջումների է ուզում հասնել՝ դիվանագիտական ճնշում գործադրելով՝ Ղարաբաղի բացակայության և հողի վրա ճնշումների մասին խոսակցությունների տեսքով։ Այս ռազմավարությունը կիրառվում է բավականին կանոնավոր և ռացիոնալ։ Ես չեմ տեսնում, թե ինչը կարող է խանգարել Ալիևին դա անել։ Վախենում եմ, որ սա վերջին անգամը չէր: Թուրքական կողմից Հայաստանի վրա հարձակումը այնքան էլ հավանական սցենար չէ, բայց դա չի նշանակում, որ միշտ այդպես կլինի»,- եզրափակեց Իսկանդարյանը։