«Հրապարակ»․ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՀՀ ԵՎ ԼՂ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ՈՒ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԸ
Առաջիկա օրերին 3+2+2 ֆորմատով նոր հանդիպում է տեղի ունենալու, որին մասնակցելու են ՀՀ և ԼՂ նախկին նախագահներն ու երկու կաթողիկոսները։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Սեպտեմբերի 14-ին ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել հրապարակային առաջարկությամբ, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ հայրապետի, նախկին նախագահների, զինվորականների, ազդեցիկ գործիչների համահավաք` քննարկելու իրավիճակից դուրս գալու ելքերը:
«Թերահավատ են Արամ 1-ինի հարցում, որը սիրում է բոլորի հետ «խաղեր տալ», մյուսները տվել են նախնական համաձայնություն: Հանդիպումից հետո նախատեսվում է, որ այս պատկառելի ֆորմատը հանդես կգա հայտարարությամբ` սթափության կոչ անելով իշխանություններին: Մյուս քայլերը քննարկվեն հանդիպման ժամանակ»,–գրում է թերթը։
«Հրապարակը» հիշեցնում է նաև, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վեհափառի հանդիպման մասին հայտարարությունից հետո Սաղաթելյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով հասկացնում էր, որ հիշյալ հանդիպումը կայացել է իր նախաձեռնությամբ։ Սաղաթելյանն ասել էր` նման հանդիպումները ստեղծված իրավիճակից լավագույն, գուցե նաև միակ ելքն են: Ուստի շարունակելու է ջանք չխնայել այդ ուղղությամբ։