Եռաբլուրից շուրջ 30 ծնողի են բերման ենթարկել, երկու կին վնասվածքներ ունեն

«Եռաբլուր» զինվորական պանթեոնից զոհված զինծառայողների շուրջ 30 ծնող է բերման ենթարկվել։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Բերման ենթարկված ծնողներից 2-ն ունեն մարմնական վնասվածքներ` մեկի ձեռքերն են վնասված, մյուսի` մատը։ Առաջին հայացքից` կարծես կոտրված է մատը։ Երկուսն էլ կին են և վնասվածքները ստացել են բերման ենթարկվելիս։ Ոստիկանության բաժանմունք շտապօգնություն են կանչել, սակայն դա բավարար չէ` վնասվածքն ավելի լուրջ է»,–ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` ոստիկաններն ազատ են թողել ծնողներից որոշներից, սակայն մի մասն էլ մնում են ոստիկանության տարբեր բաժանմունքներում։

Փաստաբանը հայտնեց, որ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածով` ոստիկանի պահանջը չկատարելու համար, վարչական արձանագրություններ են կազմվել։ Հովհաննիսյանը հավելեց` հետագայում կբողոքարկեն դրանք։

Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Եռաբլուրից ոստիկանություն է տարվել 37 անձ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ 182-րդ հոդվածի հիմքով։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյից զոհվածների ծնողները Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Այսօր, սակայն, ոստիկաններն ուժ գործադրեցին և ծնողներին բերման ենթարկեցին` բացելով Փաշինյանի ճանապարհը։