«Փաստ»․ ՀԱՊԿ-Ի ԹԵՄԱՆ ԴԵՌ ԱՆՈՐՈՇ Է. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՈՐԴՈՐԵԼ Է ՈՐԵՎԷ ԿՏՐՈՒԿ ԲԱՆ ՉԱՆԵԼ
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո ՀՀ ներսում կտրուկ սրվել է վերաբերմունքը ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ: Ընդ որում, խոսքը ոչ միայն արևմտյան թևի «ոգևորության» մասին է, այլ այն մասին, որ դա արտահայտվում է հենց ամենաբարձր մակարդակով։
Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս թեմայով հենց իշխանության ներսում այդքան էլ ամեն ինչ միանշանակ չէ, և մասնավորաբար ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցում ՔՊ-ում ծայրահեղ հակասական տեսակետներ են շրջանառվում։
Կուսակցության արևմտյան կողմնորոշում ունեցող բլոկը ինքնամոռաց պնդում է, որ օր առաջ կառույցից պետք է դուրս գալ։ Մեր աղբյուրը պնդում է, որ այս հարցը օրերս քննարկվել է նաև ԱՄՆ դեսպանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Մասնավորաբար, մենք տեղեկություն ունենք, որ արևմտյան թևի ներկայացուցիչներին հանձնարարվել է հետևողականորեն գրառումների և հարցազրույցների միջոցով ակնհայտ հակառուսական թեզեր տիրաժավորել, կոշտ քննադատության ենթարկել ՀԱՊԿ-ի գործողությունները, իսկ ՀԱՊԿ-ից արագորեն դուրս գալու թեման շրջանառել մերձիշխանական «միավորների» միջոցով։
Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը, սակայն, թիմակիցներին հորդորել է այս փուլում իրենց դեմքով որևէ կտրուկ բան չանել, «տակից» աշխատել, իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմայում շատ չակտիվանալ, այլ միայն «աստիճանական», «փուլային» տարբերակներ նետել դաշտ»: