Արհեստական խոչընդոտներ են ստեղծում. Զոհրաբյանը` զոհվածների նույնականացման գործընթացի մասին
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների ծնողներին պատկան մարմինները չեն տեղեկացնում, թե ինչ ընթացակարգով պետք է դիահերձարանում ճանաչեն իրենց զավակների մարմինները։ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել, և անվտանգության աշխատակիցները ծնողներին թույլ չեն տալիս դիահերձարան մուտք գործել իրենց որդիների մարմինները ճանաչելու համար։
Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը ՀՀ–ին է հանձնել 32 հայ զինծառայողի դի։ Փոխանցված մարմինների ընդհանուր թիվը 127 է։
«Դիերի մեծ մասը տեղափոխվել է Մարտունու դիահերձարան, և երկու օր է` բազմաթիվ ծնողներ փորձում են դիահերձարան մտնել իրենց որդիների մարմինները ճանաչելու համար։ Հանրապետության բոլոր դիահերձարանները, որտեղ տեղափոխվել են տղաների դիերը, հսկվում են անվտանգության աշխատակիցների կողմից, և ծնողներն առանց քննիչների ուղեկցության չեն կարող դիակի ճանաչում իրականացնել»,– գրել է նախկին պատգամավորը։
Զոհրաբյանը խոսել է դատաբժշկական կենտրոնի պատասխանատուների հետ և ծանոթացել ընթացակարգին։
Հայկական կողմին փոխանցված բոլոր դիերը լուսանկարվել են և ուղարկվել Ուլնեցու կենտրոն՝ զինծառայողների հարցերով օպերատիվ արձագանքման հանձնաժողով։
Այն ծնողները, որոնք կճանաչեն իրենց որդիներին լուսանկարներով՝ միայն քննիչի ուղեկցությամբ կարող են մուտք գործել դիահերձարան։
«Ցավոք, տղաների մարմիններ կան, որ անճանաչելի են, և ԴՆԹ նույնականացում պիտի արվի։ Սակայն բազմաթիվ ծնողներ ասում են, որ իրենց որդու մարմնի վրա կան հատուկ նշաններ՝ սպի, դաջվածք, որով կարող են ճանաչել որդու դիակը։ Ինձ փոխանցեցին, որ եթե դեմքով հնարավոր չէ նույնականացնել, սակայն հարազատները կարող են մարմնի վրա եղած հատուկ նշաններով ճանաչել իրենց որդիներին, կրկին Ուլնեցու կենտրոնին պիտի տեղեկացնեն, և ինձ վստահեցրին, որ անմիջապես քննիչի ուղեկցությամբ նրանց կտանեն դիահերձարան»,–նշել է նա։
Զոհրաբյանը շեշտել է, որ պատկան մարմինները պետք է այդ պարզ ընթացակարգի մասին ծնողներին տեղեկացնեն, որպեսզի Արմավիրից, Շիրակից, Երևանից կամ այլ բնակավայրից նրանք չհասնեն Մարտունի, Մեծամոր, և անվտանգության աշխատակիցը նրանց չթողնի մտնել դիահերձարան։
Sputnik Արմենիա