Ջուդի Չու․ Պետք է դադարեցվի ամերիկյան որևէ օգնություն Ադրբեջանին, պետք է կիրառվեն պատժամիջոցներ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությունը Հայ Դատի Ազգային խորհրդի անդամ Աիդա Դիմեջյանի, կառավարության հետ կապերի տնօրեն Թերեզա Երիմյանի և Հայ Դատի տեղական կոմիտեի անդամների ուղեկցությամբ հանդիպել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուի հետ:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը կոչ է արվել դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին։

Սեպտեմբերի 19-ին «Կապիտոլիումի ողջույնն Արցախի անկախությանը» վերտառությամբ միջոցառմանը կոնգրեսական Չուն, ով 2019 թվականին այցելել էր Արցախ նշել է, որ մինչև 2020 թվականի պատերազմը, Արցախում հայերը բարգավաճում էին։ Վերոնշյալ այցի և իր դիրքորոշման պատճառով արգելվեց կոնգրեսական Չուի մուտքն Ադրբեջան, ինչը նա համարում է «պատվո նշան»:

«Դա ինձ ստիպում է ավելի ակտիվ հանդես գալ Արցախի և Հայաստանի խաղաղ ժողովրդի օգտին», - նշել է կոնգրեսական Չուն, ով Հայաստանի դեմ վերջին հարձակումները որակել է որպես «հերթական հարձակում ինքնորոշման, ժողովրդավարության և ազատության գաղափարների վրա»։ «Մենք պետք է դիմադրենք դրան։ Պետք է այլևս դադարեցվի ամերիկյան որևէ օգնություն Ադրբեջանին, և բռնությունների շարունակման դեպքում պետք է կիրառվեն պատժամիջոցներ»,- նշել է Չուն: