Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՆԴԱՌՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԴԻՄԵՐ ՄԱԿ-Ի ԴԱՏԱՐԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական կողմի ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ ռազմագերիների թիվը մոտ 20-ն է, փաստահավաքությունը սակայն դեռ ավարտված չէ, ինչպես նաև հաստատումներն են ընթացքի մեջ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

 


Նա նշեց, որ արդեն իսկ կան հաստատված գերեվարման դեպքեր, սակայն հստակ թվի մասին կարող են խոսել ավելի ուշ։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ սեպտեմբերի 22-ին Ադրբեջանը հայ ռազմագերիների հարցով պետք է պատասխան տար Եվրոպական դատարանին, սակայն այդ առնչությամբ տեղեկատվություն չկա, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այդ արձագանքը պետք է ուղղված լիներ ՀՀ կառավարությանը՝ միջպետական գանգատի շրջանակներում. «Անհատական գործերի մասով կարող եմ ասել, որ մենք դատարանից ստացել ենք նամակագրություն, Ադրբեջանի դիրքորոշումները դեռ մեզ ուղարկված չեն, բայց առաջիկա օրերին սպասում ենք տեղեկատվության։ Պատասխան կա դատարանից, որ այդ հարցումներն ուղղված են Ադրբեջանի կառավարությանը և տրված է վերջնաժամկետ՝ տեղեկատվություն տրամադրելու համար։ Այս հարցումների ֆոնին Ադրբեջանն արդեն իսկ Կարմիր խաչի միջոցով հաստատել է մի շարք անձանց գերեվարման հանգամանք»։

Նրա խոսքով՝ Բաքվի իշխանությունների գործելակերպի պարագայում հայկական կողմն ունեցել է բազմաթիվ դեպքեր, երբ նույնիսկ տեսանյութով գերեվարումը չի հաստատվել ընդհուպ մինչև խմբային գործերով. «Եթե ապացույցները շատ են, ապա այդ ապացույցների ճնշման ներքո ավելի հավանական է հասնել դեպքի հաստատման նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից»։

Անդրադառնալով գերության մեջ սպանված հայ զինծառայող Դավիթ Գիշյանի դեպքին՝ Սիրանուշ Սահակյանն ընդգծեց, որ այդպիսի դեպքերում հայկական կողմն անհապաղ տեղյակ է պահում դատարաններին, նաև հիմնավորում, թե որքան կարևոր է միջազգային կառույցների ակտիվ ներգրավվածությունը օր առաջ գերիների հայրենադարձումը կազմակերպելու համար.

«Պետք է դրվի կյանքի իրավունքի խախտման հարցը։ Գերուն սպանելը պատերազմական հանցագործություն է, և պետք է լինի ավելի հեռավար նպատակ, այսինքն՝ հասնել տվյալ միջադեպի համար պատասխանատու Ադրբեջանի զինծառայողների և հրամանատարների քրեական պատասխանատվության։ Եթե Ադրբեջանը շահագրգռված չէ իր մարդասպաններին պատժելու հարցում, ապա միջազգային կառույցները պետք է մտածեն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին»։

Հարցին՝ Կարմիր խաչն այցելե՞լ է Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և ինչպիսի՞ն է պրակտիկան, Սահակյանն ասաց, որ հաստատված ռազմագերիների պարագայում Կարմիր խաչին հնարավորություն է տրվում հանդիպել, տեսակցել և ապահովել կապը ընտանիքի անդամների հետ. «Թե որ պահին են մուտք գործում, այստեղ կարևոր է ադրբեջանական իշխանությունների թույլտվությունը։ 2020 թվականի պատերազմում բավականին երկար ժամանակ ռազմագերիները հնարավորություն չեն ունեցել տեսնելու Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Արտաքին աշխարհի հետ կապ չապահովելը նպատակ ունի թաքցնել նաև բռնության հետքերը»։

Հարցին՝ գերիների վերադարձի հարցում արդյունավետ ինչպիսի՞ տարբերակներ կան, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ ավելի արդյունավետ կարող էր լինել երկրների ղեկավարների բանակցությունները. «Բանակցող հարթակը պետք է զորու լիներ անմիջապես լուծելու գերիների վերադարձի հարցը։ Եթե հիմնական խնդրի շուրջ կողմերը կարողանում են համաձայնություն կնքել, որպես կանոն գերիների վերադարձը որևէ դժվարություն չպետք է ներկայացնի։ Այս պարագայում բանակցային գործընթացը ձախողված է։ Հայկական կողմն անհամաչափ քաղաքական պահանջներ է բավարարում ի օգուտ Ադրբեջանի, որոնք սպառնում են անգամ Հայաստանի պետականությանը։ Բանակցող կողմը քաղաքականացրել է նաև ռազմագերիների հարցը։ Այս հարցը ոչ թե ինքնուրույնաբար է քննարկվում, այլ կապվել է քաղաքական օրակարգի հետ և հայկական կողմի իմացությամբ Ադրբեջանը պահում է պատանդներ։ Հայկական կողմը պետք է ունակ լիներ վերադիրքավորվել բանակցային գործընթացում, որի հավանականությունը փոքր է և երկրորդը՝ գնալ դատական պաշտպանության ճանապարհով, որը ժամանակատար է»։

Նա նշեց, որ Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններ դիմելու հարցում Հայաստանը հնարավորություն ունի Պատանդառության կոնվենցիայով դիմել. «Դա ավելի արագ արձագանք կապահովի մեր գերիների խնդրով։ Հայաստանն այս պահին այս խնդրով չի դիմել և գերիների հարցը ներառել է Խտրականության կոնվենցիայի հարցերի ներքո։ Կարծում եմ՝ ավելի ներգործուն, որ Հայաստանն այս խնդիրն առանձնացներ և առանձին՝ Պատանդառության հիմքով նաև միջպետական հայց ունենար ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում»։

Հարցին՝ գերիների նույնականացման հարցում ի՞նչ խնդիրների է հայկական կողմը բախվում, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց.

«Խնդիրը տեսանյութերի որակն է, այդ տեսանյութերում եղած անձանց դեմքերի տեսանելիությունը և Ադրբեջանը նաև շրջանառում է այլ կոնֆլիկտներից տեսանյութեր կամ ավելի վաղ ժամանակներում արված տեսանյութեր, որոնց պարագայում եթե պրոֆեսիոնալ աշխատանք չի կատարվում, առկա է լինում նույնականացման սխալ։ Եթե տեսանյութերը որակյալ են և հնարավոր է լինում օրինակ՝ ստուգել տեսանյութի կատարման վայրը, տղաներն ունեն տեսանելիություն, մենք համադրում ենք մի քանի հանգամանք, զրուցում ենք փորձագետների հետ, ապա նույնականացման դեպքում բացառվում են սխալները»։

News.am