ՎԱՆԱ ԼՃԻ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆՎԱԶՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Ժամանակակից Թուրքիայի տարածքում հնագետները Ուրարտու նահանգի ժամանակներից հնագույն նավահանգիստ են հայտնաբերել։ Հատկանշական է, որ չոր եղանակը, ինչի պատճառով Վանա լճում ջրի մակարդակը զգալիորեն նվազել է, նրանց օգնել է կարևոր բացահայտում անել:
Arkeonews-ի փոխանցմամբ՝ Վանա լճում ջրի մակարդակի անկումը պայմանավորված է օդի բարձր ջերմաստիճանի հետևանքով տեղումների նվազմամբ և ջրի ավելորդ պաշարների գոլորշիացմամբ։ Ջրի երես է դուրս եկել եզակի հնագույն կառույց։
Ինչպես նշում են հնագետները, խոսքը 11 աստիճանանոց ժայռոտ նավամատույցի մասին է, որը գտնվում էր Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանի հնագույն ամրոցի ստորոտում։ Ափամերձ ամրոցը, վաղուց հայտնի է գիտնականներին, այն բազմիցս ուսումնասիրվել է։ Սակայն հնագետներն առաջին անգամ են հնարավորություն ունեցել ուսումնասիրել հնագույն նավահանգիստը՝ առանց ջրի տակ սուզվելու։
Մասնագետները կարծում են, որ այս նավամատույցում կանգ են առել նավեր և նավակներ, որոնք տարբեր ապրանքներ են հասցրել ամրոց, ինչպես նաև անհրաժեշտ շինանյութեր։ Գիտնականները հայտնաբերել և ուսումնասիրել են ժայռի մեջ փորված երեք մետր լայնությամբ հատվածը։ Հավանաբար, եղել է անցում, որով ջրով առաքվող ապրանքները բարձրանում էին ամրոց։ Պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուի խոսքով՝ ժայռի մեջ 11 աստիճան է փորագրվել, որպեսզի հեշտացնեն խարսխված նավերի բեռնաթափումը։
«Մենք գիտենք, որ Ուրարտուում ամրոցներ են կառուցվել: Այս ամրոցների մեծ մասը գտնվում է Վանա լճի ափին։ Տեսնում ենք, որ ուրարտացիները մեծ նշանակություն են տվել ծովային տրանսպորտին՝ ձմռան երկար ամիսներին ամրոցների միջև փոխադրումներ ապահովելու համար։ Մենք առաջին անգամ ենք նման կառույցի հանդիպել. հավանաբար, ուրարտական ժամանակներում որպես նավահանգիստ են ծառայել բնական ծովածոցերը, սակայն մինչ այժմ նման կառույցների մնացորդներ չեն հայտնաբերվել », - ասել է մասնագետը: