Ամինիի մահից հետո Իրանում բողոքի ակցիաների ընթացքում մահացածների թիվը հասել է 41-ի

Իրանական «Didar News» գործակալությունը, հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը, հայտնում է, որ Մահսա Ամինիի մահից հետո երկրում բողոքի ակցիաների և անկարգությունների ընթացքում մահացածների թիվը հասել է 41-ի:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Եվրոպան աջակցում են Իրանում տեղի ունեցող անկարգություններին և բողոքի ակցիաններին:

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին Մահսա Ամինին ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։ Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված է ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել է։ Բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։

Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ է դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։

Արդեն սպանվել են «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի երկու աշխատակիցներ։ Եվս երկու քաղաքացու սպանել են հրազենով և սառը զենքով։ Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, ևս 25 մարդ վնասվածքներ են ստացել։

Սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակվել, որոնցում երևում է, թե ինչպես են ցուցարարները դաժանաբար ծեծում ոստիկանության աշխատակիցներին։ Բացի այդ, ցուցարարները ավազակային հարձակումներ են գործում և ավերածություններ անում փողոցներում ՝ վնաս հասցնելով հասարակական և պետական ենթակառուցվածքին: Վերջին երկու օրվա ընթացքում վնասվել են ավելի քան 60 շտապօգնության մեքենաներ։

Sputnik Արմենիա