Իժևսկի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի․ կադրեր դեպքի վայրից

Ըստ ամենայնի՝ ողբերգությունը տեղի է ունեցել դասի ժամանակ. սեղաններին դասագրքեր են մնացել։

ՌԴ Քննչական կոմիտեն իր Telegram-ալիքում կադրեր է ցուցադրել Իժևսկի դպրոցում 13 մարդու սպանությունից հետո ինքնասպան եղած հանցագործի մասնակցությամբ: Եվս 14 երեխա վիրավորվել է։

ՌԴ ՔԿ-ի 10 վայրկյան տևողությամբ կարճ տեսահոլովակում ցուցադրվում է հրաձիգի մարմինը. նա սև է հագնված, վերնազգեստի վրա կարմիր գույնով նացիստական սվաստիկա է պատկերված:

Իժևսկում դպրոցի վրա հարձակված անձի մարմնի մոտ հայտնաբերվել են երկու տրավմատիկ ատրճանակներ, որոնք փոփոխվել են մարտական փամփուշտներով կրակելու համար, ինչպես նաև դատարկ ու փամփուշտներով լի պահունակներ՝ «Ատելություն» գրությամբ:

Նշվում է, որ թիվ 88 դպրոցում կրակոցների ձայների մասին ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել Ռոսգվարդիայի ութ խումբ, ինչպես նաև Ուդմուրտիայի Ռոսգվարդիայի վարչության ՕՄՕՆ-ի ու արագ արձագանքման հատուկ ջոկատի աշխատակիցները: Ուժայինները կազմակերպել են շրջափակումը ու ձեռնամուխ են եղել հարձակվողի ու նրա հնարավոր հանցակիցների որոնմանն ու ձերբակալմանը ՝ հերթականությամբ զննելով դպրոցի հարկերը:

Սեպտեմբերի 26-ին անհայտ անձը կրակ է բացել Իժևսկի թիվ 88 դպրոցում, որից հետո ինքնասպան է եղել: Վերջին տվյալներով՝ հանցագործության զոհ է դարձել 13 մարդ, այդ թվում՝ վեց մեծահասակ, ինչպես նաև յոթ անչափահաս, վիրավորվել է 14 երեխա ու յոթ մեծահասակ: Սեպտեմբերի 26-29-ը Ուդմուրտիայում սուգ է հայտարարվել:

Sputnik Արմենիա