ԻՆՉՊԵՍ ՀԱՆՁՆԵԼ ԵՐԿԻՐԸ
Վիթխարի են այսօր Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները։ Դրանցից գլխավորը գործող իշխանություններն են։ Փաշինյանը հասկանում է, թե որքան մեծ է իր մեղքը երկրին պատուհասած դժբախտությունների հարցում։ Հենց այդ պատճառով էլ չի ուզում ընդունել դա, սեփական մեղքը, որպեսզի չհայտնվի դատարանի առջև. պատմության և մարդկանց։
Խնդիրը, սակայն, այն է, որ նրա գործողությունների գլխավոր դրդապատճառը բնավ Հայաստանի և նրա ժողովրդի շահերի պաշտպանությունը չէ, այլապես վաղուց հրաժարական տված կլիներ. ոչ թե ձևականորեն, այլ իրապես։ Նրա գործողությունների գլխավոր դրդապատճառն է՝ գցել մեղքը իր և իր թիմի վրայից, և հետևաբար՝ փորձել ներկայացնել բոլոր ձախողումներն ու պարտությունները իբրև հաղթանակներ։ Այդ նպատակի համար միշտ կա Հովիկ Աղազարյան։
Իսկ եթե չի ստացվում, եթե ձախողումներն այնպիսին են, որ դրանք իբրև նվաճումներ ներկայացնել ոչ մի կերպ չի հաջողվում, ապա բարդել մեղքը ուրիշների վրա. նախկին իշխանության, ներկայիս ընդդիմության վրա, ռուսների, ի վերջո, քանի որ աշխարհում դա մոդայիկ է դարձել... Եթե դա էլ չի ստացվում, ամենածայրահեղ դեպքում՝ ձևացնել, թե եռանդագին դիմադրում ես ձախողումներին, բայց ի՜նչ արած... Այսինքն՝ բուռն գործունեության երևութականություն ստեղծել։ Ձևացնել լավ ու ջերմեռանդորեն, բայց դա գրեթե անօգուտ է, իսկ երբեմն էք՝ վնասակար։
Եվ որպեսզի այդ բոլոր մանիպուլյացիաները հաջողվեն, զանգվածային գիտակցությունը պարբերաբար խաթարում են ամենակեղտոտ բովանդակության ներարկումներով՝ ինչպես գլոբալ, այնպես էլ մասնավոր ընթացիկ իրադարձությունների մասին խեղաթյուրված պատկերացում ձևավորելու նպատակով: Որպես կանոն, գրառումային սադրիչների, դե, նաև ուղեղից հիվանդ մարդկանց միջոցով, ինչպիսիք նույնպես այսօր քիչ չեն: Նրանք ակտիվորեն հրահրում են ապակառուցողական հույզեր, հմտորեն ուղղորդելով դրանք իրենց անհրաժեշտ հունով։
Եվ, իհարկե, զուգահեռաբար Փաշինյանը փորձում է համոզել իր սյուզերեններին, որ չպահանջեն իրենից ամեն ինչ և հիմա։ Այլ աստիճանաբար... Եվ այդ հարցում նույնպես մեր վարչապետն, իհարկե, անկրկնելի է. նվաճում է մի բարձունքը մյուսի հետևից։
Հավանաբար, շատերին զարմացրեց Էրդողանի հայտարարությունը՝ հոկտեմբերի սկզբին Պրահայում Փաշինյանի հետ հանդիպման հնարավորության մասին։ Իսկապես... Այդ ինչո՞ւ հանկարծ ամբարտավան Էրդողանը բարեհաճեց բանի տեղ դնել մեր...
Պարզվում է, ամեն ինչ շատ պարզ է։ Պարզվում է՝ Հայաստանը... Թեպետ, Հայաստանն այստեղ կապ չունի։ Պարզվում է՝ Փաշինյանն Անկարային է հանձնել քուրդ երկու ակտիվիստների, ընդ որում ՀՀ օրենսդրության տեսանկյունից՝ առանց որևէ իրավական հիմքի։ Հանձնել է ու վե՛րջ։ Իսկ փոխարենը, ինչպես հեշտ է կռահել, իր համար պոկել է Էրդողանի հետ Պրահայում լուսանկարվելու իրավունք։
Թուրքական հատուկ ծառայություններն արդեն զեկուցում են իրենց կողմից հաջող իրականացված հատուկ գործողության մասին։ Չեն ասում, իհարկե, բայց առանց հայկական հատուկ ծառայությունների մասնակցության գործը գլուխ չէր գա։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Փաշինյանը ԱԱԾ-ին դուրս է բերել նոր մակարդակի. Թուրքիայի արտաքին հետախուզության հետ համագործակցության։
Ուրիշ ի՞նչ արդյունքների կհանգեցնի Փաշինյանի դավաճանությունը իրենց անկախության համար պայքարող քրդերի հանդեպ։ Իսկ այլ արդյունքներ չեն էլ լինի։ Փաշինյանի հետ Էրդողանը գուցեև լուսանկարվի, բայց նրանց առաջիկա հանդիպումից ուրիշ ոչինչ ակնկալել չարժե։ Թուրքական կողմն ուղիղ տեքստով հայտարարել և հայտարարում է, որ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման համար Փաշինյանը պետք է կատարի Ալիևի բոլոր պահանջները։ Ահա վերջինն այդ շարքից. «Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար Ադրբեջանի կողմից առաջարկված համապարփակ խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի կողմից»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Հավանաբար՝ որպեսզի մեր վարչապետն այնքան էլ չգայթակղվի Էրդողանի հետ սպասվող հանդիպմամբ։
Դժվար է դիմակայել երկրի առջև ծառացած մարտահրավերներին, երբ դրանք միայն արտաքին չեն։ Երբ երկրի ներսում տեր ու տիրակալ է մի թիմ, որը պատրաստ է հանձնել ամեն ինչ, միայն թե պահպանի իշխանությունը, որպեսզի չմեղադրվի երկիրն աղետի հասցրած ձախողումների մեջ։
Հ.Գ.-Հայաստանի ԱԱԾ-ն հերքում է իր մասնակցությունը քրդերի հանձնմանը Թուրքիային՝ շեշտելով, թե արտահանձնման հարցերը ԱԱԾ-ի իրավասության մեջ չեն։ Հայաստանի արդարադատության նախարարությունը նույնպես հերքում է քրդերի հանձնմանն իր մասնակցությունը, քանի որ, թեև արտահանձնման հարցերը Արդարադատության նախարարության իրավասության մեջ են, այդուհանդերձ տվյալ հարցն այնտեղ երբեք չի քննարկվել։ Քանի որ չի կարելի չհավատալ պետական կառույցների, առավելևս Նիկոլի կառավարման ժամանակների պետկառույցների պաշտոնական հայտարարություններին, կարծում ենք, որ քրդերը տելեպորտացիայով Թուրքիայում են հայտնվել ինքնուրույն։