Դմիտրի ՄԵԴՎԵԴԵՎ․ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԿԻՐԱՌԵԼ, ԵԹԵ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԼԻՆԻ

Ռուսաստանն իրավունք ունի միջուկային զենք կիրառել, եթե անհրաժեշտ լինի։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Մեր թշնամիները սիրում են ամպագոռգոռ հայտարարություններ անել։ Մտավարժանքներ անել «ազատություն», «դեմոկրատիա», «առաքելություն» բառերով։ Իրականում դա ընդամենը բանավոր փորլուծություն է։ Փորլուծության դեմագոգիայի շատրվանները չարախոս, կռկռացող հռետորաբանության հետ միասին վաղուց դարձել են անգլոսաքսոնական աշխարհի ստուգված զենքը, որը նրանք լցնում են մնացյալ ողջ մարդկության վրա՝ փորձելով պաշտպանել իրենց բացառիկությունն ու աշխարհը ղեկավարելու հռետորաբանությունը։

Վերջին օրերի թեման ռուսական միջուկային սպառնալիքն է։

Բայդենը և Թրասը, տարատեսակ երկրորդային բլինքեններն ու սալիվանները, ատլանտյան թուք ժայթքելով, Ռուսաստանից պահանջում են ձեռքը վերցնել իր «միջուկային կոճակի» վրայից։ Բոլորը միասին անընդհատ սպառնում են մեզ «ահավոր» հետևանքներով, եթե Ռուսաստանը կիրառի միջուկային զենք։ Իսկ մտքով երիտասարդ լոնդոնյան «մորքուրը» պատրաստ է միանգամից մեր երկրի հետ միջուկային հարվածներ փոխանակել։

Ստիպված եմ մեկ անգամ ևս հիշեցնել. այն ծանր ականջների համար, ովքեր միայն իրենց են լսում։ Ռուսաստանն իրավունք ունի կիրառել միջուկային զենք, եթե անհրաժեշտ լինի։ Նախապես որոշված դեպքերում։ Միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմքերին լիովին համապատասխան։ Եթե մեր կամ մեր դաշնակիցների դեմ հարձակում կատարվի՝ նման զինատեսակի օգտագործմամբ։ Կամ, եթե ագրեսիայի դեպքում՝ սովորական սպառազինության օգտագործմամբ, սպառնալիք ծագի մեր պետության գոյությանը։ Այս մասին վերջերս ուղիղ ասել է Ռուսաստանի նախագահը։

Բացի այդ, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի թույլ չտանք միջուկային զենքի հայտնվելը մեզ թշնամի հարևանների ձեռքում։ Օրինակ, նացիստական Ուկրաինայում, որն այսօր ուղիղ կառավարվում է ՆԱՏՕ-ի երկրների կողմից։

Անիմաստ է հույս դնել կիևյան վարչակարգի բանականության և քաղաքական կամքի վրա։ Իսկ ահա նրանց խրախուսող թշնամական երկրների առողջ բանականության և ինքնապահպանման զգացման փուխր հույս կա։ Նրանք հասկանում են. եթե Ռուսաստանի սպառնալիքը գերազանցի վտանգի սահմանված շեմը, մենք ստիպված կլինենք պատասխանել։

Ոչ մեկից թույլտվություն չհարցնելով, առանց երկար խորհրդակցությունների։ Եվ սա հաստատ բլեֆ չէ։

Հարցն այլ է։ Պատկերացնենք, որ Ռուսաստանն ստիպված է կիրառել ամենաահավոր զենքն ուկրաինական վարչակարգի դեմ, որն ագրեսիայի մասշտաբային ակտ է կատարել, որը վտանգավոր է մեր պետության գոյության համար։ Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն ուղիղ չի միջամտի հակամարտությանը նաև այս դեպքում։ Չէ՞ որ Վաշինգտոնի, Լոնդոնի, Բրյուսելի անվտանգությունը Հյուսիսատլանտյան դաշինքի համար շատ ավելի կարևոր է, քան ոչ մեկին պետք չեկող, կործանվող, թող որ անգամ տարբեր զենքով առատորեն մատակարարվող Ուկրաինայի ճակատագիրը։ Արդի սպառազինությունների մատակարարումը պարզապես բիզնես է արևմտյան երկրների համար, իհարկե, մի լավ խառնված մեր հանդեպ ատելությամբ։ Ոչ ավելին։ Զոհվել միջուկային ապոկալիպսիսում անդրօվկիանոսյան և եվրոպական դեմագոգները չեն պատրաստվում։ Սրա համար էլ կուլ կտան ցանկացած զենքի օգտագործումը ընթացիկ հակամարտությունում։ Ոնց որ թե այսպես...

Լավ կլիներ, որպեսզի այս տխուր եզրակացությունը գոնե մասամբ գիտակցեին Կիևի իշխանությունները։ Ավաղ, դա գրեթե անիրական է։ Նրանք գտնվում են մշտական ռազմական տենդի մեջ՝ թմրանյութային մտահնար երազների ոչ երկար դադարներով»։

News.am