ՀՀ ԱԳՆ․ Ոգեշնչված միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքով՝ Ադրբեջանը դիմել է նոր ագրեսիայի

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով հաղորդագրություն է տարածել, որտեղ հիշեցնում է, որ երկու տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, բացահայտորեն արհամարհելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Հելսինկյան եզրափակիչ ակտը, լայնածավալ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ։

«Այսօր մենք ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում և ոգեկոչում 44-օրյա պատերազմում ընկած մարտիկների հիշատակը, որոնք պայքարեցին մեր հայրենակիցների առաջ ծառացած գոյութենական վտանգը կանգնեցնելու համար։ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու, իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու ու արարելու իրավունքից զրկելու և, ըստ այդմ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ուժի կիրառմամբ լուծելու Ադրբեջանի պետական քաղաքականության հանցավոր դրսևորում էր»,– նշում է ԱԳՆ–ն` հավելելով, որ այդ են վկայում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության չդադարող ռազմատենչ, առավելապաշտական, հայատյաց հայտարարությունները։

Արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստում է, որ պատերազմից 2 տարի անց դեռևս չլուծված են մնում բազմաթիվ հումանիտար խնդիրներ. Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել գերիների, հարյուրավոր անհետ կորածների ու բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չպարզված:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր էլ շարունակվում է հայկական հոգևոր ու պատմամշակութային ժառանգության ոչնչացման և ինքնության խեղաթյուրման հետևողական քաղաքականությունը։

«Ոգեշնչված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի և իրականացրած հանցագործությունների նկատմամբ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքով՝ 2021թ մայիսի 12-ին, 2021թ նոյեմբերի 16-ին և 2022թ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական ագրեսիայի են դիմել արդեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ»,– նշում է ԱԳՆ–ն։

Նախարարությունը շեշտում է` ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի գործադրմամբ Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել իր առավելապաշտական նկրտումները՝ մերժելով անգամ Լեռնային Ղարաբաղի որպես տարածքային միավորի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոյության փաստը:

Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն մարտի 21-ին հայտնել էր, որ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է, անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Sputnik Արմենիա