Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց դատավոր Լուսինե Սեփխանյանի դատավճռով

Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց դատավոր Լուսինե Սեփխանյանի դատավճռով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բորիս Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ դատավոր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն էր, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ էր խախտել։ Հայտնի էր, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։

Փետրվարի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում էր կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Մոտ 3 ամիս կալանքի տակ մնալուց հետո նա ազատ էր արձակվել։

Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

News.am