Անում ենք ամեն ինչ՝ թույլ չտալու ուժի կիրառումը. Թրեյսին այցելել է Սյունիք

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, որի հետ քննարկել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը։

Հանդիպման սկզբում Թրեյսին անդրադարձել է 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցին, իր հարգանքն է փոխանցել զոհերի հիշատակին ու ցավակցությունը՝ նրանց ընտանիքներին։ Նա ընդգծել է, որ, ցավոք, վերջին օրերի պատերազմը ևս երիտասարդ տղաների կյանքեր խլեց։

«Մարդիկ այստեղ չեն ուզում լքել իրենց բնակավայրերը, ինչը մեծացնում է խաղաղ բնակչության հանդեպ ռազմական գործողությունների ռիսկը։ Այս ամենը պետք է խիստ գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից»,–իր հերթին նշել է մարզպետ Ղուկասյանը։

ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ հակամարտությունը գտնվում է ԱՄՆ–ի ուշադրության կենտրոնում՝ նույնիսկ այն պարագայում, երբ ավելի լայն տարածաշրջանում կան զուգահեռ ընթացող հակամարտություններ։

«Մենք ամենաբարձր մակարդակներում, նաև դիվանագիտական խողովակներով, անում ենք ամեն ինչ՝ թույլ չտալու ուժի կիրառումը, ապահովելու բանակցությունների շարունակականությունը և ունենալու խնդրի այնպիսի կարգավորման հեռանկար, որը երկարաժամկետ ու կայուն խաղաղություն կբերի»,–ասել է նա։

Նրա խոսքով` մարզ է այցելել գործընկերների հետ, որպեսզի տեղում հասկանալու, թե ինչ է կատարվում ու ինչով կարող են օգնել։

Sputnik Արմենիա