ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը այս շաբաթ կժամանի Երևան

Հայ և ադրբեջանցի գործընկերների հետ Ֆրանսիայի նախագահի մտքերի վերջին փոխանակումից հետո Հարավային Կովկասում հատուկ բանագնաց (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-խմբ.) դեսպան Բրիս Ռոքֆյոյն այս շաբաթ կմեկնի Բաքու, այնուհետև՝ Երևան, հայտնում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կայքը։

«Ֆրանսիան լիովին մոբիլիզացված է և այսուհետ ևս աջակցություն կցուցաբերի, որպեսզի իր ներդրումն ունենա բանակցությունների միջոցով բոլոր չլուծված հարցերի լուծումներ գտնելու գործում։ Հայ և ադրբեջանցի գործընկերների հետ Ֆրանսիայի նախագահի մտքերի վերջին փոխանակումից հետո Հարավային Կովկասում հատուկ բանագնաց, դեսպան Բրիս Ռոքֆյոյն այս շաբաթ կմեկնի Բաքու, այնուհետև Երևան: Բացի այդ, պարոն Բրիս Ռոքֆյոյը կայցելի նաև Վրաստան՝ վրացական իշխանությունների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի, մասնավորապես՝ Եվրամիության հետ հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների շուրջ երկխոսությունն ամրապնդելու համար»,- նշվում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

News.am