Տոյվո Կլաար․ Խաղաղությունը չի կարող պարտադրվել

Խաղաղությունը չի կարող պարտադրվել, Twitter-ում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Կրկին հաղորդումներ են ստացվել երեք հայ զինվորի մահվան և մեկ ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ Այս և շատ այլ անիմաստ զոհաբերություններ բորբոքում են ատելությունն ու անկայունությունը: Անվտանգությունն իսկապես հնարավոր է միայն այն դեպքում, եթե սահմանները հարգվում են, իսկ զորքերը չեն բախվում միմյանց մոտ հեռավորության վրա։ Խաղաղությունը չի կարող պարտադրվել»,- ասել է նա։

Ինչպես արդեն հաղորդվել էր, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից, ադրբեջանական զինուժը սահմանի արևելյան ուղղությամբ սկսել է ականանետերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների.

Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար կայունացել է։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել։

News.am