Ադրբեջանը հարվածել է ՀՀ տարածքում ինժեներական աշխատանքներ կատարող խմբին
Սեպտեմբերի 28-ի երեկոյան ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է իրականացրել` հարվածներ հասցնելով ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական խմբին։
Այսօր կառավարության հերթական նիստում անդրադառնալով երեկվա հերթական ողբերգական միջադեպին` այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է, ընդ որում` պիտի արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, ևս գտնվել են Հայաստանի տարածքում»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև շեշտեց, որ սա Ադրբեջանի ագրեսիայի շարունակությունն է։ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքը, և այս պարագայում ՀՀ աներկբա դիրքորոշումն է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը ԶՈւ բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսել, ու Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է խափանել դրանք։
Sputnik Արմենիա