Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆԻՆ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ ԵՊՀ-ԻՑ

Լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանին հեռացրել են Երևանի պետական համալսարանից։

«ԵՊՀ ղեկավարությունը աննպատակահարմար համարեց շարունակել դասախոսական համագործակցությունը նաև ինձ հետ։

Ակնհայտ քաղաքական, կամ ավելի շուտ իշխանության պատվեր այս նախաձեռնությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը փորձեց ինձ բացատրել իմ դասավանդած առարկայի անօրինական լինելով։

Մի քանի տարի առաջ ֆակուլտետի դեկանը ինձ հրավիրել է դասավանդել Տարածաշրջանային զարգացումները և Հայաստանը, այլ կերպ ասած՝ քաղաքագիտական լրագրություն առարկան։ Հիմա հանկարծ պարզվել է, որ առարկան չի եղել ուսումնական պլանում և անօրինական է։ Այդպես ապօրինաբար ես տարիներ շարունակ ստացել եմ 20,000 դրամ աշխատավարձ ԵՊՀ-ից՝ փոխանցումներով։ Պատկերացնո՞ւմ եք։

Նույնկերպ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսումնական պլանից հանվել է իմ դասավանդած մեկ այլ՝ «Հեռուստատեսային վավերագրական ֆիլմ» առարկան։

Իրականում ես չեմ նեղացել ֆակուլտետի դեկանից, քանի որ լավ եմ պատկերացնում և նաև գիտեմ, թե իշխանության և իր անմիջական ղեկավարության կողմից ինչպիսի ճնշումների է ենթարկվել իմ առումով։

Իմ դասավանդած առարկաների շրջանակում ես ուսանողներիս փոխանցել եմ աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և դրանց լուսաբանման առանձնահատկությունները, սովորեցրել վավերագրական ֆիլմի հմտությունները։ Ունեցել եմ հայրենիքին նվիրյալ հրաշալի ուսանողներ, որոնցից շատերը հիմա էլ աշխատում են և ի ցույց դնում իրենց մասնագիտական, մարդկային և հայկական լավագույն հատկությունները։

Իհարկե, ցավում եմ, որ որոշ ժամանակ իմ սիրելի ԵՊՀ-ում չեմ լինելու։ Այնտեղ չլինելս ինձ ֆինանսական խնդիր չի, որովհետև ստացել եմ 20,000-30,000 ամսական աշխատավարձ, որը նվիրաբերել եմ Արցախի համար իրականացվող ծրագրերին, վերջին անգամ փոխանցել եմ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի հիմնադրամին։

ԵՊՀ-ից դուրս անպայման կշարունակեմ դասախոսական աշխատանքս՝ այլ վայրում և կշարունակեմ փոխանցել փորձս և գիտելիքներս։ ԵՊՀ-ի իմ ուսանողների հետ կապս չեմ կտրում, նրանց հետ մեկնել եմ մեր հայրենիքի հետաքրքիր ու պատմական վայրեր, ցույց տվել մեր երկրի արժեքները։ Կշարունակեմ այսուհետ ևս, նաև ԵՊՀ-ի ուսանողների հետ։

Վստահ եմ, Հայաստանում իշխանություն փոխվելուց հետո նույն ֆակուլտետի ղեկավարությունը առաջիններից մեկն է զանգելու և հրավիրելու աշխատանքի», - Facebook-ում գրել է Հոխիկյանը։

Aysor.am