Դրանք կարևոր են ռազմավարական տեսանկյունից. ԳՇ պետի տեղակալը` կորցրած դիրքերի մասին

Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիայի հետևանքով ամենամեծ տարածքային կորուստներն ունեցել ենք Ջերմուկի հատվածում։ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ տեղեկությունը հայտնեց ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը։

«Ադրբեջանի ԶՈւ-ին հաջողվել է մի քանի մարտական դիրք գրավել Վարդենիսում։ Սակայն եթե այդ դիրքերը մարտավարական տեսանկյունից այդքան կարևոր չեն, ապա կարևոր են ռազմավարական տեսանկյունից։ Դրանք անմիջապես կախված են մեր բնակավայրերի վրա, այդտեղից կարողանում են որոշակիորեն հսկողություն սահմանել ճանապարհների վրա, հոգեպես ճնշում են մոտակա գյուղերին իրենց ներկայությամբ»,–ասաց Մարտիկյանը` չհրապարակելով կորցրած դիրքերի քանակը։

Նրա խոսքով` նոր հարձակման վախ չկա, սակայն հայկական ԶՈւ-ն միշտ սպասում է նոր սադրանքների, քանի որ Ադրբեջանը փորձելու է խնդիրը լուծել հօգուտ իրեն։ Մարտիկյանը հավելեց` նման պարագայում դիրքերի իրար մոտը կամ հեռու լինելը ռազմական որևէ նշանակություն չունի։

Մարտիկյանը հավելեց, որ Վերին Շորժայի ուղղությամբ դեռևս զոհված զինվորների մարմիններ են մնացել, և Հայաստանի զինված ուժերը գիտեն, թե որտեղ են դրանք գտնվում: Սակայն Ադրբեջանի ԶՈւ–ն ինտենսիվ կրակով է պատասխանել հայկական կողմի` մարմինները դուրս բերելու բոլոր փորձերին:

Sputnik Արմենիա