Դեսպան․ Ֆրանսիան կողմ է, որ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղակայվեն

Ֆրանսիան աշխատում է, որպեսզի միջազգային հանրությունը ճիշտ գնահատի և մատնանշի, թե ով է ագրեսորը։ Այս մասին Գեղարքունիք կատարած այցի ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցին ասել է ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտները, միջազգային կառույցների ներկայացուցիչները երեկ այցելել էին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայր` ծանոթանալու Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքներին

«Այստեղ իրավիճակն իսկապես լուրջ է, և Ֆրանսիան ու ԱՄՆ-ն մասնավորապես աշխատում են այս ուղղությամբ, որպեսզի մյուս երկրներն էլ ակտիվանան։ Հատկապես մենք լուռ չենք, մենք ասել ենք, թե ով է ագրեսորը։ Հուսով ենք՝ մյուս երկրներն էլ կտեսնեն, և այս իմաստով այս այցն իսկապես կարևոր է»,– ասել է դեսպանը։

Անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու հարցին` ֆրանսիացի դիվանագետն ասել է. «Մենք աջակցում ենք այդ գաղափարին, աշխատում ենք այդ ուղղությամբ, բանակցում ենք այլ երկրների հետ»:

Sputnik Արմենիա