«Հրապարակ»․ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ» Է ՀԱՅՏՆՎԵԼ

Լոռու մարզում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները զայրացրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Արդյունքում մարզպետ Արամ Խաչատրյանը հայտնվել է Փաշինյանի «սև ցուցակում։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։

Ըստ թերթի` վարչապետին այնքան են զայրացել արդյունքները, որ սեպտեմբերի 26-ին մարզպետին արձակուրդ են ուղարկել` 8 օր` վճարվող, 2 օր՝ չվճարվող։

«Տեղեկություն կա, որ Փաշինյանը նրան փոխարինող է փնտրում։ Չի բացառվում, որ արժանի թեկնածու գտնելու դեպքում նրան ազատեն պաշտոնից»,– հայտնում է «Հրապարակը»։

Հիշեցնենք, որ մարզի 4 համայնքում տեղի ունեցան ընտրություններ՝ Գյուլագարակում, Լոռի Բերդում, Տաշիրում և Ալավերդիում։

Թերթը գրում է, որ Ալավերդիում առաջատարն «Ապրելու երկիր» կուսակցությունն է, իսկ Լոռի Բերդում թեպետ ՔՊ-ն է հաղթել, սակայն մարզպետի շնորհքը չէ, այլ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, քանի որ վերջինիս հայրենի գյուղն է, և հայրն անձամբ է համակարգել ընտրական աշխատանքները։

«Ինչ վերաբերում է Գյուլագարակին, ապա այստեղ ընտրություններից մի քանի օր առաջ երրորդ ուժի ցուցակից 19 թեկնածուի պարտադրել են ինքնաբացարկ գրել, և ԿԸՀ-ի որոշմամբ չեղարկել են մասնակցությունը, սակայն դա էլ չի օգնել. ՔՊ-ն «50+1» չի հավաքել։ Անցած տարի էլ Խաչատրյանը ձախողել էր Վանաձորի ընտրությունները՝ գլխավորելով ՔՊ ցուցակը, մինչև հիմա Վանաձորը խելքի չի գալիս, իսկ Մամիկոն Ասլանյանի կալանավորվելն անընդհատ Փաշինյանի երեսով են տալիս»,– նշում է պարբերականը։

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 25-ին Հայաստանի 8 մարզի 18 համայնքում։

Sputnik Արմենիա