ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը

ԱՊՀ երկրների պետանվտանգության և հետախուզության մարմինները համագործակցության ընդլայնման մասին հուշագիր են ընդունել: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն, հուշագիրն ընդունվել է Մոսկվայում հատուկ ծառայությունների ներկայացուցիչների խորհրդակցության արդյունքում:

Ըստ հաղորդագրության` որոշվել է ընդլայնել համագործակցության ձևերն ու ուղղությունները, ինչպես նաև ամրապնդել անվտանգության ապահովման աշխատանքում փոխգործակցությունը։

Խորհրդակցության մասնակիցները կարծիք են հայտնել, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները բացահայտորեն խախտում են միջազգային իրավունքի և միջպետական համաձայնագրերի նորմերը: Դա կարող է խախտել գործող անվտանգության ճարտարապետության հավասարակշռությունը և բարձրացնել առանձին տարածաշրջաններում հակամարտությունների հավանականությունը։

«Այս պայմաններում անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը տարբեր ոլորտներում»,– հայտարարել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։

Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները:

Sputnik Արմենիա