Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ 7-8 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԿԱ. ՄԻ ՔԱՆԻՍԸ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ
Տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութի առնչությամբ, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին, 7-8 զինծառայող կա, որոնց նույնականացում է իրականացվում այժմ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, սակայն գրեթե վստահ ենք, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ։ Տեղանքն արդեն նույնականացվել է»,- ասաց Սահակյանը՝ չմանրամասնելով, թե ՀՀ որ տեղանքի մասին է խոսքը։
Իրավապաշտպանը նաև ընդգծեց, որ սպանված զինծառայողներից մի քանիսին արդեն նույնականացրել են, նրանք անհետ կորած էին համարվում։
Նրա կարծիքով, միջազգային հանրությանն արդեն իսկ ներկայացվել են սպանությունների բավարար դեպքեր, որոնք ոչ թե եզակի դրվագներ են, այլ մասշտաբային, որը կարող է լինել միայն պլանավորված պետական քաղաքականության դեպքում։ Իրավապաշտպանի պնդմամբ` այդ ապացույցների գոյության պայմաններում տնտեսական և այլ քաղաքական շահերից ելնելով համարժեք պատասխան չի եղել։
«Մեր առաջին քայլը պետք է լինի այս միջադեպերի շարունակականության համար միջազգային հանրության պատասխանատվության և նրանց անգործության հետևանքների հստակեցումը։ Քաղաքական առումով այստեղ պետք է հստակ ազդակ լինի, որ ոչ համարժեք արձագանքը ծնում է նոր և շարունակական հանցագործություններ։ Հայաստանի իրավապահ մարմինները ևս անելիքներ ունեն, որոնք լուրջ և հետևողական քննության արդյունքում միջազգային համագործակցությամբ կարող են արդարադատությանը ներկայացնել ադրբեջանցի զինծառայողներին»,– ասաց Սահակյանը։
Նրա պնդմամբ` ՀՀ իրավապահները նման դեպքերի առնչությամբ կարող են շփվել բարեկամական երկրների հետ և հասնել այդ երկրներում քրեական հետապնդումների իրականացմանը։
Հավելենք, որ ավելի վաղ տելեգրամյան ալիքներում տարածված՝ հայ գերիների գնդակահարության տեսանյութին են անդրադարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ պահանջել է հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։