Դերենիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴՐԺԵԼ Է ԽՈՍՏՈՒՄԸ․ ԴԱ ՎԿԱՅՈՒՄ Է ՁԱԽՈՂՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Երբ հայկական կողմը պաշտոնապես խոստովանում է, որ Ադրբեջանի հետ պայմանավորվել է ինչ որ կոնկրետ հարցի շուրջ՝ տվյալ դեպքում գերիների վերադարձի մասով, ու երկու անգամ Ադրբեջանը դրժել է խոստումը, դա ինչի՞ մասին է վկայում, եթե ոչ ձախողված դիվանագիտության։

Ակնհայտ է չէ՞, որ Ադրբեջանը հենց այնպես չի խոստացել գերիներին վերադարձնել, ակնհայտ է չէ՞, որ հայկական կողմը, ինչպես միշտ, շտապողաբար իրականացնում է իր ստանձնած բոլոր գրավոր և բանավոր պարտավորությունները, դեռ մի բան էլ ավել՝ ականապատման քարտեզներ, առաջին պատերազմի զոհերի դիերի հանձնում, պետական նշանակության ճանապարհների և կարևոր դիրքերի հանձնում և այլն։

Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը դրժում իր խոստումները։ Պատասխանը շատ պարզ է. եթե հնարավոր է դրանք չիրականացնել և դրա համար պատասխանատվություն չկրել ու հետագայում Հայաստանից նոր զիջումներ կորզել, ո՞րն է շտապելու և «պարտաճանաչ» լինելու իմաստը։ Ի՞նչ պետք է անի մյուս կողմը, թվիթերում սրտաճմլիկ գրառումնե՞ր կատարի։ Դրանից Բաքվին ի՞նչ վնաս։

Ու սրանք այս դիվանագիտությամբ ու այս հակառակորդի հետ պատրաստվում են բանակցել Արցախի հայ ժողովրդի անվտանգության ու կարգավիճակի հարցը։ Իսկ եթե Ադրբեջանը "խոստանա" ապահովել անվտանգությունը և նույնիսկ ինչ որ կարգավիճակի համաձայնվի (թեև դա իրենք ի սկզբանե բացառում են), ու դրանից հետո սկսի արցախահայության ահաբեկում ու հայրենազրկում իրականացնել, ի՞նչ եք անելու։ Թվիթերում գրառումնե՞ր եք անելու, թե՞ Արցախից Հայաստան եկող բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դրամական փոխհատուցումներով եք փորձելու լռեցնել։

Թե բա «զրոյից ստեղծված արտաքին քաղաքականություն»...

Դերենիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ