ԱՆԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ «ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ»

2020 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում պատասխանելով Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ ԶԼՄ-ների հարցերին, հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանի հասցեին դավաճանության մեղադրանքներն անհիմն են: Իր այդ գնահատականը ռուսական պետության ղեկավարը հիմնավորեց այսպես. «Վարչապետն այն ժամանակ ասաց ինձ. ոչ, մենք չենք կարող համաձայնել դրան, մենք կպայքարենք, կկռվենք։ Այնպես որ նրա հասցեին ինչ-որ դավաճանության մեղադրանքները ոչ մի հիմք չունեն»։

Դժվար է ասել՝ Պուտինը հիմա էլ է այդ կարծիքին, թե ոչ, բայց գրեթե երկու տարի անց, բառացիորեն միաժամանակ, նույն օրը Ռուսաստանի նախագահը «անդավաճանության» յուրօրինակ վարպետության դաս տվեց, իսկ Հայաստանի վարչապետը՝ Ճիշտ հակառակը։

Սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի կազմում ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ընդգրկման մասին պայմանագրերի ստորագրման արարողության ժամանակ Ռուսաստանի նախագահը, մասնավորապես, հայտարարեց. «Մենք կոչ ենք անում կիևյան ռեժիմին անհապաղ դադարեցնել կրակը, մարտական բոլոր գործողությունները, այն պատերազմը, որը նա սանձազերծել է դեռևս 2014 թվականին, և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք դրան պատրաստ ենք, այդ մասին ասվել է բազմիցս։ Բայց Դոնեցկում, Լուգանսկում, Զապորոժիեում և Խերսոնում ժողովրդի կատարած ընտրությունը չենք քննարկելու, այն արված է, Ռուսաստանը դրան չի դավաճանի»։

Նույն այդ ժամանակ Երևանում վարչապետ Փաշինյանը Հ1-ին տված հարցազրույցում հայտարարում է. «Մենք կարծում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»։ Եվ հավելում է. «Կա այդպիսի գաղափար, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից»:

Փաստորեն, Պուտինն ընդգծում է, որ Ռուսաստանը չի հանձնում յուրայիններին, որ Ռուսաստանը նրանց կողքին է, այլապես դա կլիներ դավաճանություն։ Իսկ Փաշինյանը հրապարակավ հրաժարվում է Արցախից՝ ընդգծելով, որ արցախցիներն իրենք պետք է հոգ տանեն սեփական ճակատագրի մասին՝ միայնակ մնալով Բաքվի և Անկարայի դեմ։ Ի՞նչ է սա, եթե ոչ դավաճանություն։

Թեպետ, ոչ մի նոր ու անսպասելի բան Փաշինյանը, իհարկե, չասաց։ Պարզապես նրա մոտեցումներն առանձնակի տպավորիչ, ավելի ակնբախ դարձան պուտինյան խոսքի խորապատկերին։ Բայց այստեղ կա ևս մեկ տեսանկյուն, որի վրա արժե ուշադրություն հրավիրել։ Հատկապես նրանց ուշադրությունը, ովքեր սկսած 44-օրյա պատերազմից առ այսօր դժգոհում են, թե Երևանի դաշնակիցները չեն կանգնում մեր կողքին, բավարար օգնություն չեն ցուցաբերում։

Այսօր, երբ Հայաստանի իշխանությունները հրապարակավ հրաժարվել են Արցախից, պարզապես անհեթեթ է որևէ մեկին ընդհանրապես մեղադրել մեր երկրին բավարար ռազմաքաղաքական օգնություն չցուցաբերելու մեջ։ Պարզապես հիմարություն է արտաքին նույնիսկ բարոյական աջակցություն ակնկալել այն Հայաստանին, որի իշխանությունը բառացիորեն բախտի քմահաճույքին է նետում Հայրենիքի անքակտելի մասը, բացահայտ դավաճանում հայ ժողովրդի մի մասին…